Ինտերվիզիա
(անգլ. – intervision` «inter» - «փոխազդեցության, փոխադարձ կողմնորոշման» իմաստ
ունի և «vision»` «տեսլական») բառացի «հայացք դեպի կենտրոն, իմաստի
մեջ ներթափանցում» – «խորհրդատվությամբ, թերապիայով կամ այցելուի բուժմամբ
զբաղվող մասնագետների «ներկոլեգիալ» կամ «միջկոլեգիալ» խմբային աշխատանքի մեթոդ:
Այս խումբն ունի վարող
և ուղղված է մասնակիցների մասնագիտական աճին: Սովորաբար խումբը բաղկացած է
մասնագետներից, սակայն նրա կազմում կարող են ընդգրկվել նաև պրակտիկանտներ և
կամավորներ: Ինտերվիզիան կարելի է բնութագրել որպես փոխադարձ խորհրդատվություն կամ
գործընկերների հետ փորձի փոխանակում:
Ամենից հաճախ
«ինտերվիզիա» հասկացությունը հանդիպում է հոգեբանության, բժշկության, սոցիոլոգիայի
շրջանակներում, սակայն վերջին ժամանակաշրջանում կիրառվում է նաև մանկավարժության
մեջ՝ խնդրահարույց հարցերի խմբակային լուծման հստակ համակարգված մեթոդը սահմանելու
համար, որը պահանջում է բոլոր մասնակիցների ներգրավումը:
Ինտերվիզիայի
ձևաչափի հիմնական նպատակները՝
· Վարողի համար –
հարմարվել, հմտանալ.
· Մասնակիցների համար –
ծանոթանալ մեթոդին, այցելուական փորձ ձեռք բերել:
Ինտերվիզիոն
հանդիպումներն օգնում են սկսնակ թերապևտներին ավելի փորձառու դառնալ: Դրանք թույլ
են տալիս իրացնել պրակտիկ և տեսական որոշակի հմտությունների ու գիտելիքների հետ
կապված հայցեդիմումը, և ձևավորում են ավելի խորը մետա-հմտություններ (սովորելու,
այլ տեսակետներ ընդունելու, կլինիկական խորաթափանցությոա ընդունակություններ),
պահպանում են մասնագիտական նույնականացումը: Ինտերվիզիան օգնում է
մասնակիցներին տեսնել «կույր հետքերը» և մասնագիտական զարգացման համար նոր
հնարավորություններ:
Ինտերվիզիայի
գործառույթները՝
· Ինֆորմացիայի
մասնագիտական փոխանակում (աշխատանքային փորձ, զարգացող ուսուցման տեխնոլոգիաների
օգտագործում, որոշակի ուղղվածության աշխատանքի առանձնահատկություններ և այլն):
· Գործընկերների կողմից
աջակցություն ստանալու հնարավորություն (երիտասարդ մասնագետներին օգնություն,
խնդրահարույց հարցերի լուծում և այլն ):
· «Մասնագիտական
մոխրացման համախտանիշի» կանխարգելում:
Ինտերվիզիայի
անցկացումը համարվում է բարդ խնդիրների և խնդրահարույց իրավիճակների առաջացման
կանխարգելում, քանի որ աշխատանքի ժամանակ բոլոր մասնակիցները ստանում են դիտարկվող
իրավիճակում վարվելակերպի փորձ:
Քննարկման
ենթակա հարցերի մոտավոր շրջանակը՝
- պայմանագիր և հարաբերություններ այցելուի հետ (թերապևտիկ հարաբերություններ).
- առանձին դեպքեր պրակտիկայից.
- հոգեբանի/հոգեթերապևտի դիրքը.
- կո-թերապիայի դրական և բացասական կողմերը.
- ռեսուրսներ.
- մասնագիտական ոճ.
- մոտեցումներ, մեթոդներ, տեխնիկաներ.
- անձնական նպատակները հոգեթերապիայում և խորհրդատվության մեջ:
Խմբի կազմը՝
Խումբը պետք է կազմված
լինի 4 հոգուց ոչ պակաս և 8 հոգուց ոչ ավելի: Խորհուրդ է տրվում, որ խմբի
մասնակիցները տարբերվեն ըստ աշխատանքային ոլորտների (հոգեթերապիա, սոցիալական
աշխատանք, մանկավարժություն), նախորդ կրթությամբ, սեռով և տարիքով: Այդ դեպքում
խմբի անդամների փոխգործողությունները տարաբնույթ կլինեն, հետադարձ կապի որակն ու
բազմազանությունը բարձր կլինի, կբարձրանա մյուսների գիտելիքների և փորձի
յուրօրինակության կիրառման էֆեկտիվությունը:
Ինտերվիզիոն
հանդիպումների հաճախականությունը տատանվում է ամիսը մեկ անգամից մինչև շաբաթը 1-2
անգամ, ինչը կախված է խմբից և առաջադրվող հարցերից: Օրինակ, ինտերվիզիայի
մասնակիցներին, որոնք անցնում են հոգեթերապիայի այս կամ այն ուղղության
ուսուցում, նպատակահարմար է հանդիպել շաբաթը 1-2 անգամ, որպեսզի ամրապնդեն
տեսական գիտելիքները և յուրացնեն պրակտիկ հմտությունները:
Հանդիպումների
կառուցվածքը՝
Սովորաբար հանդիպումը
տևում է 3 ժամ: Լավ է, եթե աստիճանաբար ձևավորվեն որևէ խմբային ծեսեր:
Կարևոր է նաև հավասարակշռություն գտնել տեսական և պրակտիկ աշխատանքների միջև:
Այս 180 րոպեների
ընթացքում պետք է ներկայացվեն ինտերվիզիայի կառուցվածքային մասերից յուրաքանչյուրը
(ժամանակի հստակ բաշխմանը հետևում է վարողն օրակարգը կազմելիս):
- Նախորդող հանդիպման հակիրճ ներկայացում.
- «Տաք հարցեր»՝ անձնական և մասնագիտական գործունեությանը, տեսությանը կամ մեթոդական աշխատանքին վերաբերվող արդիական հարցեր.
- Գլխավոր թեման՝ յուրաքանչյուր հանդիպման համար որոշվում է թեմա կամ առարկա, որին հատկացվում է ինտերվիզիայի հիմնական ժամանակը: Այդ թեման կարող է կարևոր լինել կամ խմբի բոլոր անդամների համար կամ միայն մեկի: Թեման կարող է լինել անձնային, մեթոդական, տեսական և այլն: Մասնակիցները կարող են ընտրել մեկին, ով թեմայի ներածությունն է ներկայացնում: Մասնակիցները, նախապես պայմանավորվում են ծանոթանալ թեմային վերաբերվող գրականությանը: Թեման կարող է քննարկվել բանավեճի, դերային խաղի, պրակտիկ փորձի և այլ տեսքով: Կարևոր է, որ այդ քննարկումները տեղի ունենան մասնակիցներին էկոլոգիական մտածողություն ներմուծելու մթնոլորտում.
- Հարցերի շրջան և ավարտ՝ վերջում վարողը կարճ շրջան է կատարում և խնդրում մասնակիցներին գնահատել ընթացքը, բովանդակությունը և արդյունքը: Մասնակիցները կարող են վերջին նկատողություններն անել կամ հարցեր տալ: Նաև պայմանավորվում են հաջորդ հանդիպման վերաբերյալ՝ որն է թեման, ով է ներկայացնելու այն, ով է լինելու վարողը և այլն:
Ինտերվիզիայի և սուպերվիզիայի նմանություններն ու
տարբերությունները
Ինտերվիզիան և
սուպերվիզիան շատ հարցերում նման են: Եվ ինտերվիզիան և սուպերվիզիան քննարկման
այնպիսի ձևաչափ է, երբ մասնագետները սովորում են՝ նպատակ ունենալով բարելավել
թերապևտի, խորհրդատուի իրենց աշխատանքը: Նրանց նպատակն է ընդլայնել գիտելիքները,
կատարելագործել հմտությունները, բարձրացնել ինքնավերլուծության մակարդակը և
աշխատանքի ըննթացքում խորաթափանցության դրսևորումը, ինչպես նաև սովորեցնել
հաղթահարել հույզերը, որոնք առաջանում են աշխատանքային տարբեր իրավիճակներում:
Սուպերվիզիա (անգլ. –
supervision) կարելի է բնութագրել որպես անհատական ուսուցման մեթոդ, որն
անցկացնում է սուպերվայզերը: Այն միտված է բարելավել խմբի յուրաքանչյուր անդամի
աշխատանքը, կենտրոնանալով կոնկրետ անձնային խնդիրների վրա, որոնք առաջանում են
այցելուների հետ աշխատանքի և խմբի այլ անդամների հետ փոխհարաբերությունների
ընթացքում: Հաճախ այդ խնդիրները կապված են հույզերի հետ, օրինակ, որոշակի
իրավիճակներում մշտական վտանգի, ձախողման զգացողությանների, դեպրեսիայի`բուժման
մեջ հաջողության չհասնելու պատճառով:
Ինտերվիզիայում
ամենակարևորն այն է, որ խմբի անդամները համատեղ պատասխանատու են հանդիպման
բովանդակության, մասնակիցների խմբային և ուսումնական ընթացքի համար: Որոշ իմաստով
այս ձևն ավելի հարմար է «իշխանության» անգիտակցական կառույցների չեզոքացման համար,
ի տարբերություն ավելի հիերարխիկ սուպերվիզիաի: Չնայած նրան, որ խմբի անդամները
միշտ տարբերվում են միմյանցից, նրանց դիրքերը սկզբունքորեն նույնն են: Դա
նշանակում է, որ յուրաքանչյուր մասնակից իր լուման է ներդնում և արձագանքում ՝
ելնելով իր թերապևտիկ փորձից:
Ինտերվիզիոն մոտեցումը
կիրառվում է այն դեպքերում, երբ պետք է հստակեցնել ընդհանուր հարցեր` թերապիայի,
խորհրդատվության ընթացքի կամ երբ խնդիրներ են առաջանում նմանօրինակ հարցերի
լուծման հետ կապված:
Ինտերվիզիոն խումբն յուրօրինակ վայր է, ուր կարելի է ձեռք բերել այցելուի, թերապևտի և սուպերվայզերի փորձ, ինչպես նաև լինել խմբավար: Այսպիսով, կարելի է փորձել ինքն իրեն տարբեր կարգավիճակներում և մասնակցել տարբեր ձևաչափերին, կիսվել ապրումներով և փորձով, գործընկերների հետ քննարկել դեպքեր անձնական պրակտիկայից: Սա միջավայր է շփման, փորձի փոխանակման, մասնագիտական աջակցության և աճի:
Ինտերվիզիոն խումբն յուրօրինակ վայր է, ուր կարելի է ձեռք բերել այցելուի, թերապևտի և սուպերվայզերի փորձ, ինչպես նաև լինել խմբավար: Այսպիսով, կարելի է փորձել ինքն իրեն տարբեր կարգավիճակներում և մասնակցել տարբեր ձևաչափերին, կիսվել ապրումներով և փորձով, գործընկերների հետ քննարկել դեպքեր անձնական պրակտիկայից: Սա միջավայր է շփման, փորձի փոխանակման, մասնագիտական աջակցության և աճի:
Комментариев нет:
Отправить комментарий