Մարդու առողջական լուրջ խնդիրների առկայությունը վաղ թե ուշ փոխում է նրա և
իր շրջապատի մարդկանց աշխարհահայացքը, սակայն, հաճախ մարդու բնավորության խեղաթյուրումն ու բացասական վարքը պայմանավորված չեն անմիջապես ՝ հաշմանդամության առաջացմանը նպաստող սոմատիկ հիվանդությամբ: Վերոնշվածի հիմնական պատճառը՝ շրջապատի վերաբերմունքն է
հաշմանդամի հանդեպ, երբ առաջնային է դառնում երեխայի հիվանդությունը և
սահմանափակ կարողությունները, այլ ոչ թե նրա անձը, հնարավորությունները և ներուժը:
Սահմանափակ կարողությունների տեր մարդկանց հոգեկանը հետաքրքրել է հոգեբույժներին և
այլ մասնագետներին դարեր շարունակ: Դեռ 1625 թվականին Պլաթերը նշում էր նման երեխաների մոտ առկա համառությունն ու կամակորությունը:
Ավելի ուշ նկարագրվում էր հետապնդման զառանցանքը լսողական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ, ինչը պայմանավորված էր միայնության, անվստահության զգացումներով և
ինքնամփոփությամբ: Այստեղ առանձնահատուկ է
ծնողների դերը: Երեխայի ապագան կախված է
նրանից, թե ինչպես են նրան ընկալում և
դաստիարակում ծնողները:
Հաշմանդամության հաստատումը երեխայի մոտ չափազանց մեծ սթրես է հանդիսանում ծնողների և հարազատնրի համար. փոխվում է նրանց աշխարհահայացքը, սեփական միջավայրի և
հիվանդ երեխայի ընկալումը: Ծնողները մեղքի զգացում են ապրում երեխայի նկատմամբ, քանի որ, իրենց կարծիքով, չեն կարողացել ապահովել զավակի առողջությունը և
պաշտպանել հիվանդությունից, կամ դժբախտ պատահարից: Երբեմն «մեղադրյալի» կարգավիճակում է լինում միայն մեկ անձը՝ մայրը, հայրը, կամ ընտանիքի անդամներից մեկը, ինչը կարող է
հանգեցնել ընտանիքի քայքայմանը: Գիտնականներն ուսումնասիրել են հաշմանդամ երեխայի ընտանիքի տարբեր դրույթները. հոգեբանական մթնոլորտի ազդեցությունը երեխայի դաստիարակության վրա, հիվանդ երեխայի առկայության հետ հարմարվելու փուլերը, ընտանիքի քայքայման հավանականությունը, մայրական դիրքորոշումները
և այլն: Բացի այդ, մշակվում են բազում միջոցառումներ՝ երեխային և նրա ընտանիքին աջակցելու նպատակով:
Ուսումնասիրվում են մտավոր հետամնաց երեխաների հարազատների անձնային ինքնակառավարման առանձնահատկությունները, վերջիններիս հետ անկացվում է հոգեբանական աշխատանք: Նաև, ուսումնասիրության ենթակա են ընտանիքների փորձը՝ ճգնաժամային իրավիճակների հաղթահարման և
հոգեբանական մեկուսացման ժամանակ, ծնողների ինքնագիտակցման ձևավորումը, հաշմանդամ երեխայի ընտանիքում ձևավորված միջանձնային հարաբերությունները, ծնողների մոտ գոյացող հոգեսոմատիկ հիվանդությունները և այլն: Նման ընտանիքի հոգեբանական վիճակը նկարագրելիս, մենք բախվում ենք յուրահատուկ էքստրեմալությանը, որը սահմանափակված չէ ժամային գործոնով: Քանի որ այն կարող է տևել ծնողների ողջ կյանքի ընթացքում, ինչպես նաև նրանց կյանքից դուրս, քանզի, ծնողները սկսում են մտահոգվել իրենց երեխայի ճակատագրի մասին՝ իրենց մահից հետո:
Այսինքն, մենք խոսում ենք անդադար էքստրեմալության,
և սթրեսի մասին, ինչի հետևանքով առաջանում է
գերհոգնածություն, ադապտատիվ մեխանիզմների խախտում, ինչն ուղեկցվում է
հոգեկան գործունեության արդյունավետության անկմամբ, գրգռվածության և տագնապային վիճակի առաջացմամբ: Նման ընտանիքներում ավագ քույրերի և կրտսեր եղբայրների մոտ առկա է հոգեսոցիալական խանգարման ռիսկի բարձր գործոն: Ավագ քույրերի մոտ այն պայմանավորված է
փոքրիկին խնամելու անհրաժեշտությամբ,
իսկ կրտսեր եղբայրի մոտ՝ ուշադրության պակասով: Նման սթրեսի հետևանքներն արտացոլվում են առողջ քույրերի և
եղբայրների մոտ ավելի ուշ մանկության և
դեռահասության տարիքում:
Հոդվածի հեղինակ՝ Անդրանիկ Բաբայան, Հոգեբան, 2015թ.
Комментариев нет:
Отправить комментарий