Հավանաբար, տեսած կլինեք երեխաների, ովքեր «հաճույքով» ծամում են գրչի ծայրը, անընդհատ բախվում տարբեր իրերի, հրաժարվում որոշակի սննդամթերքներից։ Կան երեխաներ, որոնք սիրում են ամուր գրկախառնություններ, կամ՝ «թաց», «կեղտոտ» փնթի խաղեր։ Նման զգայական նախընտրությունները
հաճախ խնդիր են դառնում, երբ, օրինակ, երեխան ամուր գրկախառնվում է դպրոցում դասընկերոջ հետ , կամ առավոտյան չի ուզում հագնվել: Մեզնից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ ունենում է զգայական խնդիրներ։ Ոմանք շեղվում են և արդյունավետ աշխատելու համար կարիք են ունենում կատարյալ լռության։ Մյուսները տհաճություն են զգում և խուսափում են լվանալ կեղտոտ ափսեներն առանց ձեռնոցների։
Շատ ծնողներ, հավանաբար, լավ տեղյակ են իրենց երեխաների զգայական նախընտրություններից։ Մեծամասամբ երեխաները գտնում են տարբեր ճանապարհներ այս կամ այն զգայական ազդակներն արդյունավետ վերամշակելու, դրանց հարմարվելու համար, բայց մյուսների մոտ դա վերածվում է
առօրեական, անընդմեջ կրկնվող խոչընդոտների, որի պատճառով խաթարվում է բնականոն կենսագործունեությունը։
Այսպիսի երեխաների մոտ դիտվում է արդեն զգայական ինտեգրացիայի խանգարում։ Զգայական ինտեգրացիայի խանգարումը կարող է ազդել մեր բոլոր 7 զգայական համակարգերի վրա։ Զգայական ինտեգրացիան բոլոր զգայական համակարգերի սահուն, կազմակերպված աշխատանքն է, որի շնորհիվ ստանում ենք հարմարվողական վարք, արձագանք միջավայրի ազդակների նկատմամաբ: Օրինակ՝ երբ թավան տաք է, մի կողմ ենք քաշում ձեռքը։ Զգայական ինտեգրացիայի խանգարումները տարբեր ձևերով են ի
հայտ գալիս և շատ տարբեր են յուրաքանչյուր երեխայի պարագայում։
Գերզգայունութոյւնն երեխաների մոտ դրսևորվում է չափազանց բուռն արձագանքով, ոչ այդքան վառ գրգռիչների նկատմամաբ։ «Զգայական փնտրտուքը» արտահայտվում է նրանով, որ երեխան չի հագենում, չի բավարարվում որոշակի զգայական ազդակնրով և
անընդմեջ փնտրում է նոր զգացողություններ։ Զգայական ինտեգրացիայի խանգարումների թվին են պատկանում՝ Դիսպրաքսիան, Զգայական դիսկրիմինացիայի խանգարումը, զգայաշարժողական խանգարումներն և այլն։ Վաղ հայտնաբերումն ու միջամտությունը զգալիորեն թեթևացնում են նման երեխաների կյանքն ու կենցաղավարությունը,
ինչպես նաև նրանց ծնողների ու հարազատների կյանքը։
Комментариев нет:
Отправить комментарий