Պոզիտիվ հոգեթերապիան կարճատև հոգեթերապևտիկ մեթոդ է, որի կենտրոնում անձի փոփոխությունն է իր տրանս-մշակութային առանձնահատկություններով:
Մեթոդի հիմնադիրն է բժշկության դոկտոր, պրոֆեսոր, հոգեբանության, հոգեթերապիայի, նյարդաբանության ոլորտների մասնագետ Նոսսրատ Պեզեշկիանը (Գերմանիա): Նա ծնվել է Իրանում 1933թ-ին: Հոգեթերապևտիկ կրթությունը ստացել է Գերմանիայում, Շվեցարիայում և ԱՄՆ-ում:
Մեթոդն իր անունը ստացել է "Positum" լատ. բառից, որը նշանակում է տրված, փաստացիորեն առկա: Այս մեթոդը Ն. Պեզեշկիանը սահմանում է իբրև հոգեթերապիայի հումանիստական, խորքային հոգեբանորեն կողմնորոշված մեթոդ՝ տրանս-մշակութային մոտեցմամբ, այցելուակենտրոն և կարճատև հոգեթերապիայի ռեսուսների վրա կողմնորոշված, նոր տեխնիկաներով (Ն. Պեզեշկիան 1995, 1996): Գերմանիայում` պոզիտիվ հոգեթերապիայի հայրենիքում, այս մեթոդը ընդգրկված է կիրառման համար երաշխավորված 10 հիմնական հոգեթերապևտիկ մեթոդների շարքում:
Պոզիտիվ հոգեթերապիան հիմնված է ավելի քան 20 մշակույթների տրանսմշակութային ուսումնասիրությունների վրա և հանդիսանում է նոր մեթոդ, նոր մոտեցում մարդու հանդեպ:
Հետապնդում է հետևյալ հիմնական նպատակները`
- Բուժում (հոգեթերապևտիկ ասպեկտ).
- Դաստիարակություն և կանխարգելում (մանկավարժական ասպեկտ).
- Միջմշակութային գիտակցության զարգացում (տրանս-մշակութա-սոցիալական ասպեկտ) և տարբեր հոգեթերապևտիկ ուղղությունների փոխներգործություն և ինտեգրացիա (միջդիսցիպլինային ասպեկտ)
Պոզիտիվ հոգեթերապիայի մեթոդը հիմնվում է 3 սկզբունքների վրա, որոնցից յուրաքանչյուրին համապատասխանում է որոշակի մեթոդական բաղադրիչ`
Հույսի սկզբունքին համապատասխանում է դրական մոտեցում` մարդու ընդունակությունները և հնարավորությունները դիտարկելիս.
Հավասարակշռության սկզբունքին համապատասխանում է անձի հոգեդինամիկայի բովանդակային տարբերակված վերլուծություն, որի արդյունքն է մարդու առաջնային և երկրորդային ընդունակությունների ներդաշնակեցումը.
Ինքնաօգնության սկզբունքին համապատասխանում է 5-քայլով մետամոդելը, որը հենց գործընթացի սկզբում օգտագործվում է որպես անձնավորության ներդաշնակեցման, ադապտացիայի և զարգացման ռազմավարություն, հետագայում մարդու՝ իրեն, իր շրջապատի, ընտանիքի, կազմակերպության և հանրության ինքնաօգնության գործընթացում:
Մեթոդը օգնում է.
- հավաքագրել մարդու ռեսուրսները` դրական որոշումներ ընդունելու համար, սովորեցնում է չպայքարել շրջապատող միջավայրի հետ, այլ ընդունել այն:
- արդյունքում ունենում է ինքն իր, հարազատ մարդկանց, ընդհանրապես կյանքի լավատեսական և ուրախ ընկալում.
- մեթոդի արժանիքներից են սոցիալական և տարիքային բոլոր խմբերի համար հասանելիությունը, լեզվի պարզությունը, համակարգային մոտեցումը և կարճատևությունը:
Նյութը պատրաստեց հոգեբան Աննա Առաքելյանը
Комментариев нет:
Отправить комментарий