Միջին տարիքի ճգնաժամը դրսևորվում է 35-40 տարեկան հասակում: Բոլորն էլ բախվում են այս ճգնաժամի հետ: Այն դրսևորվում է
լարվածությամբ, տագնապով, այլ մի շարք սոմատիկ երևույթներով: Կարծես, թե մարդը անցել է իր կյանքի կեսը, սակայն դեռ ունի չիրականացած երազանքներ, նման վիճակը քայքայում է
մարդու նյարդային համակարգի բջիջները: Հոգեբանության մեջ այն անվանում են միջին տարիքի ճգնաժամ: Կարելի է հանդիպել նաև Դանթեական ճգնաժամ կամ կյանքի կեսի ճգնաժամ անվանումները: Այն տարբեր կերպ է
ընթանում կանանց և տղամարդկանց մոտ: Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ դիմացինի մոտ միջին տարիքի ճգնաժամ է:
Կան որոշակի նշաններ, որոնք բնորոշ են այս շրջանին:
Այսպիսիով, եթե դուք կամ ձեր հարազատը գտնվում եք տարիքային համապատասխան փուլում, դեպրեսիայի մեջ եք չնայած բարեհաջող ֆոնին, եթե դուք ունեք մշտապես տատանվող տրամադրություն, եթե փչանում են հարաբերությունները հարազատների, ընկերների հետ, եթե կոնֆլիկտային եք, եթե բարկացնում են հին ու բարի ընկերները, ապա ամենայն հավանականությամբ
դուք միջին տարիքի ճգնաժամի մեջ եք: Այս շրջանում մարդը սկսում է ինքն իրեն վերլուծել, վերլուծել անցյալն ու ներկան և նա նկատում է երազանքների և
իրականության մեջ եղած տարբերությունները: Եվ քանի որ կարծում է, որ այլևս ի վիճակի չէ հասնել իր նպատակներին, ուստի կոտրվում է, ընկնում դեպրեսիայի մեջ:
Միջին տարիքի ճգնաժամը կյանքի իմաստի փնտրման մի նոր փուլ է: Այն հաճախ բնութագրվում է,
որպես կայունացման փուլ: Այս շրջանում է,
որ մարդը կայանում է
աշխատանքում, կարողանում է
նվիրվել ընտանքին, երեխաներին: Թվում է, թե կան բոլոր նախադրյալները երջանիկ լինելու համար: Սակայն ինքնասպանությունների դիմած բազմաթիվ մարդկանց տարիքը այլ բան է վկայում: Չնայած շրջաատող դրական իրականությանը, մարդը հանկարծ չի համարում իրեն երջանիկ, իսկ վատագույն դեպքում ինքնասպանության է
դիմում, այդպես էլ իմաստ չգտնելով ապրելու մեջ:
Իսկ ինչ է
իրականում կատարվում այդ տարիքում մարդու հետ: Այս տարիքում մարդը՝ կին թե տղամարդ, նյութապես կայունանում է:
Իսկ ի՞նչ է լինում այն մարդկանց հետ, ովքեր չեն կայունացել կամ կարծում են, որ սխալվել են մասնագիտական ընտրության հարցում: Շատերը այժմ խորհուրդ կտան նոր մասնագիտություն
ընտրել, սակայն ամեն ինչ այնքան հեշտ չէ, երբ մարդը սկսում է կասկածել սեփական հնարավորույթյունների վրա: Նա այժմ դադարում է մտածել, որ կյանքը առջևում է,
փոխարենը ենթադրում է, որ ամեն ինչ արդեն վերջացած է, որ ինքը պարզապես այլևս ունակ չէ որևէ նոր բան անելու : Բացի սա միջին տարիքում գտնվող կինը կամ տղամարդը արդեն իր կյանքի իմաստը տեսնում է սեփական երեխայի մեջ, իր կյանքը նվիրում է
երեխայի դաստիարակությանը, անհոգ մանկությանը, դեռահասությանը , պատանեկությանը: Եվ ահա գալիս է
մի ժամանակ, երբ երեխան լքում է
հայրական օջախը և կազմում սեփական ընտանիքը: Այդժամ ծնողը կորցնում է
իր կյանքի իմաստը: Հարց է առաջանում, ու՞մ համար ապրել, աշխատել և ստեղծել: Խնդիրը այլ է, երբ մարդը գոհ է
աշխատանքից, մասնագիտությունից, ընտանիքից, սակայն այնուամենայնիվ նա զգում է, որ ինչ որ բան պակասում է երջանիկ լինելու համար:
Մասնագետները գտնում են, որ ճգնաժամի հիմքում վախն է ծերանալուց: Մեկ այլ տեսության համաձայն միջին տարիքի ճգնաժամի արմատները պետք է
փնտրել սեփական անցյալում: Նրանց կարծիքով միջին տարիքի ճգնաժամի պատճառ կարող է դառնալ 20 տարեկանում կատարած սխալը: Այսինքն, ըստ այս տեսության, ինչպես շախմատում այնպես էլ կյանքում անցյալում կատարած սխալը իր հետք է թողնում հետագայի վրա: Կանայք կորցնում են սեփական ինքնավստահությունը: Դիմում են վիրահատությունների,
կոսմետիկայի օգնությանը, սակայն արդյունքի չհասնելով հուսահատվում են: Կանանց շատ է խանգարում հասարակական կարծիքը, անիմաստ կարծրատիպերը: Այս շրջանում մայրերը սկսում են համեմատվել իրենց դեռահաս երեխաների հետ, անգիտակցորեն նախանձում են նրանց : Եվ որքան մոտենում է
ծերացումը, այնքան նա ավելի ու ավելի է
հուսահատվում: Գումարվում են նաև գլխացավերը, մշտական հոգնածությունը, անքնությունը և մարդը թևաթափ է լինում:
Սովորաբար տղամարդկանց մոտ այն ընթանում է
շատ ավելի ծանր, թեպետ դա արտաքնապես կարող է չերևալ: Տղամարդուն փոքրուց մեծացնում են, որպես ընտանիքի հենասյուն և բախվելով միջին տարիքի ճգնաժամին նա սկսում է կասկածել իր տղամարդկային արժանիքիների վրա: Նա դառնում է էմոցիոնալ և չի կարողանում ադեկվատ նայել իրականությանը: Նա այլևս չի լինում իդեալական տղամարդ ո՛չ ընտանիքում, ո՛չ աշխատավայրում: Այս ժամանակ, ոմանք դառնում են նյարդային , կոնֆլիկտային , ոմանք էլ փակվում են իրենց մեջ: Այս լարված վիճակը բերում է անքնության, հիպերտոնիայի, մշտական հոգնածության , գլխացավերի: Այս ամենի հաղթահարման համար օրգանիզմին անհրաժեշտ են դեղեր: Նա ցանկանում է ապրել իր ուզածի պես, սակայն այլևս չի կարող:
Այս տարիքում տղամարդիկ կապ են հաստատում իրենցից փոքր տարիքով աղջիկների հետ, սակայն այս ամենը չի վերադարձնում նրանց երիտասարդությունը: Վառ օրինակ է Չարլի Չապլինը, ով ուներ կին և
4 երեխա, սակայն նա ամեն ինչ թողնում է
և կապվում 17 տարեկան աղջկա հետ:
Միջին տարիքի ճգնաժամի հաղթահարմանը խանգարում են բարույթներն ու ստերիոտիպերը: Ճգնաժամը չի անցնում անհետևանք , սակայն այն խթան է հանդիսանում զարգացման և աճի համար: Ճգնաժամից հետո մարդը կա՛մ ինքն է
փոխվում, կա՛մ փոխում է
աշխատանքը, ընկերներին, ընտանիքը: Կարող է լինել նաև այնպես, որ մարդը գիտակցում է
իր անզորությունը տարիքի առաջ և համակերպվում է այդ իրավիճակի հետ ու հանգիստ գնում դեպի ծերություն: Թե ինչպես կընթանա, յուրաքանչյուրը ինքն է իր համար ընտրություն կատարում: Որքան էլ մտերիմները փորձեն օգնել, միջնույն է վերջնական որոշումը կատարում է հենց այն անձնավորությունը,
որը գտնվում է տվյալ իրավիճակում: Շատերը 2-րդ կրթություն են ստանում, սկսում սեփական բիզնես, գնում ճանապարհորդության:
Այնպես որ, եթե կարծում ես, որ այլևս ոչինչ չես կարող անել , չես կարող ընտրություն կատարել , եթե այն ժամանակ քո փոխարեն ընտրություն կատարել են ծնողները, ապա այժմ ամեն ինչ քո ձեռքերում է : Ճգնաժամը նոր էմոցիոնալ փորձ է, որը այլևս նման չի լինի նախորդին: Հիշեք, հոգեբանները գտնում են, որ ճգնաժամից խուսափում են միայն այն մարդիկ , ովքեր տարիները հաշվելու փոխարեն հաշվում են սեփական գործերը:
Ալիսա Խաչատրյան
Комментариев нет:
Отправить комментарий