суббота, 18 августа 2018 г.

Ամոթխածություն



Ի՞նչ է ամոթխածությունը, ինչպե՞ս է այն ձևավորվում, որո՞նք են նրա դրսևորման ձևերը և զարգացման պատճառները:
Բոլոր մարդիկ էլ ունենում են ամոթխածության զգացում, ոմանք` միշտ, իսկ մյուսները` միայն որոշ իրավիճակներում և հանգամանքներում: Հաճախ ամոթխածությունը դրսևորվում է նոր, անծանոթ իրադրություններում: Սա իրադրությանն ու հանգամանքներին բնորոշ ռեակցիա է, հասկանալի ու տրամաբանական:  Հաճախ ամոթխածությունն ուժեղանում է ավելի բարձր սոցիալական  դիրք ունեցող մարդկանց հետ հանդիպելիս, պաշտոնական միջավայրում կամ համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվելիս:
Ամոթխածության սահմանման,  ձևավորման պատճառների վերաբերյալ  հոգեբանական գրականության մեջ կան տարբեր կարծիքներ և տեսակետներ: Ամոթխածությունը հաճախ դիտարկվում է այլ մարդկանց ներկայությամբ անհարմարություն, անվստահություն, վախկոտություն ապրելու հակվածություն: Ամոթխած մարդիկ դժվարությամբ են նոր ծանոթություններ հաստատում, չեն կարողանում հաճույք ստանալ շփումից: Որպես կանոն, այդպիսի մարդկանց շփման շրջանակը սահմանափակվում է ընտանեկան միջավայրով:
Ամոթխածությունը և նրանից բխող շփման դժվարությունները հատկապես արտահայտվում են պատանեկության շրջանում: Մեծահասակներն այն որակավորում են որպես համեստություն կամ փակվածություն: Ամոթխած մարդիկ խմբում մեկուսանում են, հազվադեպ են ընդհանուր զրույցի մեջ մտնում, առավել հազվադեպ իրենք են սկսում խոսակցությունը, ավելի շատ լսում են, քան խոսում, ավելորդ հարցեր չեն տալիս, չեն կարողանում բացահայտ ներկայացնել իրենց կարծիքը, ավելին` պնդել այն: Զրուցելիս աշխատում են ուշադրության կենտրոնից դուրս լինել, քիչ և կամաց են խոսում: Համընդհանուր ուշադրության ժամանակ իրենց կորցնում են, չգիտեն ինչ պատասխանեն: Երբեմն, ծայրահեղ ամոթխածության դեպքում, մարդը չի կարողանում համարժեք ընկալել իրադրությունը, տրամաբանորեն մտածել, անգամ մոռանում է ակնհայտ բաները: Ամոթխած մարդկանց համար շփումը հաճախ բեռ է: Շփման դժվարությունները, որոնք զգում են ամոթխած մարդիկ, հաճախ հանգեցնում են նրան, որ անձը պարփակվում է, ձգտում միայնության, խուսափում սոցիալական շփումներից: Մարդկանց հետ շփվելիս ապրվող լարվածությունը կարող է հանգեցնել նևրոզների զարգացման: Այսպիսի մարդիկ ավելի հաճախ են դեպրեսիայի մեջ ընկնում: Ամոթխած մարդկանց բնորոշ է եսակենտրոնություն, որոշումներ կայացնելու դժվարություն: Ընդհանուր առմամբ, ամոթխածությունը սոցիալական ադապտացիային խոչընդոտող գործոններից մեկն է:  
Ամոթխածության ձևավորման վերաբերյալ միմյանց չբացառող տարբեր մոտեցումներ կան՝
·  անձնային գծերի ուսումնասիրողները վստահ են, որ ամոթխածությունը անհատական առանձնահատկություն է.
·   վարքաբանները կարծում են, որ ամոթխած մարդիկ պարզապես չունեն  արդյունավետ հաղորդակցման սոցիալական  հմտություններ.
·  հոգեվերլուծողները կարծում են, որ ամոթխածությունն անգիտակցական կոնֆլիկտների  դրսևորում է:
·   որոշ հոգեբաններ ենթադրում են, որ ամոթխածությունը սոցիալական դիրքորոշումներից մեկն է, սոցիալական պայմաններն են մարդկանց ամոթխած դարձնում.
·  սոցիալական հոգեբանները ենթադրում են, որ ամոթխածությունը սկսվում է «ամոթխած» պիտակից:                                                                           
Ամոթխածության պատճառները կարող են ունենալ ինչպես բնածին-ժառանգական ծագում, այնպես էլ սոցիալական: Ընդունված մոտեցումներից է այն տեսակետը, որ ամոթխածությունն առաջանում և զարգանում է վաղ շրջանում տեղի ունեցած բացասական իրադարձությունների արդյունքում: Բացասական կենսական փորձը, անհաջողությունների շարքը նպաստում են, որ ամոթխած վարքն ամրապնդվի: 
Ամոթխածության արմատները պետք է փնտրել մանկությունում, երբ մարդուն չեն սովորեցրել ընդունել և սիրել իրեն այնպես, ինչպես, որ կա: Անընդհատ մերժելով և չընդունելով իր Ես-ի որևէ մաս` ամոթխած մարդն այն թաքցնում է շրջապատողներից: Վերջինիս հիմքում ընկած է այն մտայնությունը, որ շրջապատող մարդիկ կնկատեն ու բացասաբար կարձագանքեն (քննադատություն, ագրեսիա, ծաղրանք, դժգոհություն):
Ամոթխածության պատճառներից է սեփական ուժերի հանդեպ վստահության պակասը: Հոգեբան Ֆ. Զիմբարդոն կարծում է, որ ամոթխածությունը շփոթության հետ է հանդես գալիս: Վերջինս նա համեմատում է իր նկատմամբ հարգանքի սուր, բայց կարճատև կորստի հետ, որը պարբերաբար դրսևորվում է շատ մարդկանց մոտ:                
Ամոթխածության պատճառների վերաբերյալ հետաքրքիր մոտեցում ունի հոգեվերլուծող և հոգեթերապևտ Ն. Նարցինը: Ըստ նրա` յուրաքանչյուր ամոթխած մարդ ունի իր վերահսկողը, որի ազդեցության տակ է անընդհատ գտնվում: Դա կարող է լինել կամ ավագ ընկեր, ուսուցիչ, ծնող կամ մեկ այլ ավելի վստահ և գիտակ մարդ: Եվ նրա նշանակությունն այնքան մեծ է, որ ամոթխած մարդը միշտ զգում է իր կողքին այդ քննողի ներկայությունը: Եվ քանի որ վերահսկողն անընդհատ քննադատելու է, ապա հնարավոր գործողություններից ցանկացած եղանակի ընտրությունը վերածվում է տառապանքի:  Արդյունքում` ինչ էլ անի, քննողը միշտ դժգոհ է լինելու: Այդպիսի մարդիկ, գտնվելով թվացյալ հսկողության տակ, միշտ կանգնած են գործողության լավագույն եղանակի ընտրության առջև, որն իրենց դժվարությամբ է տրվում, քանի որ իրենց բոլոր բառերն ու արարքները նրանք կասկածի են ենթարկում: Մարդու կյանքում հեղինակավոր մեկի կողմից տրվող անհամարժեք գնահատականի մշտական առկայությունը բացասաբար է ազդում անձի ինքնագնահատականի վրա և նպաստում է անլիարժեքության բարդույթի ձևավորմանը, համապատասխանաբար ուժեղացնում է ամոթխածության դրսևորումը: Արդյունքում` մարդը մտածում է, որ իրենից ոչինչ չի ստացվի, նա անհաջողակ և անկարող է: Իրականում անհրաժեշտ է պարզապես ազատվել անցանկալի ազդեցությունից:  
Ամոթխածության պատճառ կարող է լինել սոցիալական տագնապը: Յուրաքանչյուրին ծանոթ է նյարդայնության և անհանգստության վիճակը, որն առաջանում է որոշ իրադրություններում (օրինակ` գրավիչ անծանոթի հետ շփվելիս կամ կարևոր հանդիպման ժամանակ): Այդպիսի զգացումը սովորական ռեակցիա է մերժված կամ անհարմար վիճակի մեջ ընկնելու վախին: Մերժված լինելու վախը սովորական երևույթ է, բայց ամոթխած մարդկանց մոտ այն դրսևորվում է ավելի շատ և ինտենսիվ: Սրան նպաստում է նաև կասկածամտության և տագնապայնության բարձր մակարդակը:   Ի. Ս. Կոնը ենթադրում է, որ ամոթխածությունը պայմանավորված է ինտրովերսիայով, ինքնահարգանքի ցածր մակարդակով, միջանձնային կապերի բացասական փորձով: Իհարկե, չի բացառվում նաև, որ հաղորդասիրության և ինքնահարգանքի ցածր մակարդակը հենց ամոթխածության հետևանք լինեն:   
Պետք է ենթադրել, որ ամոթխածության դրսևորումները պայմանավորված են նաև բնավորության առավել ընդհանուր գծի` ինքնավստահություն-տագնապայնություն և Կետտելի 16 հիմնական անձնային հատկություններից H անձնային գործոնի /վախկոտություն-խիզախություն/ արտահայտվածության մակարդակով:
Ամոթխածության  պատճառներից է նաև անձի շփման, հաղորդակցական հմտությունների ու կարողությունների զարգացման ցածր մակարդակը:
Ամոթխածության արտահայտվածության մակարդակը նշանակալի դեր ունի անձի սոցիալական, անվտանգության, ճանաչված լինելու, ինքնադրսևորման պահանջմունքների դրսևորման առանձնահատկություններում: Քանի որ ամոթխածությունն արտահայտում է սոցիումի կողմից բացասական գնահատական ստանալու վախը, ամոթխած մարդիկ, ինքնաիրացման, ինքնադրսևորման խնդիրներ ունենալով, չեն կարողանում իրացնել ինտելեկտուալ ներուժը, իրագործել նպատակներն ու գաղափարները:
Ամոթխածության և տարբեր պահանջմունքների փոխահարաբերության մեր ուսումնասիրություններում բացահայտվել են, որ երբ ամոթխածությունը խոչընդոտում է սոցիալական կապերի, միջանձնային հարաբերությունների հաստատմանը, դրական կապեր են արտահայտվում սոցիալական պահանջմունքների հետ: Երբ ամոթխածությունը կապված է ինքնավստահության պակասի, ցածր ինքնագնահատականի, անհաջողությունների հաղթահարման հավատի պակասի, իր ուժերի և ընդունակությունների թերագնահատման հետ, բացասական կապեր են արտահայտվում ճանաչված և հարգված լինելու, ինքնադրսևորման պահանջմունքների հետ: Այդ է պատճառը, որ ամոթխած մարդկանց վարքի և ակտիվության հիմքում ընկած է անհաջողություններից խուսափելու մոտիվացիան: Ամոթխածության դրսևորման, տարբեր պահանջմունքների և անձնային հատկությունների հետ փոխհարաբերության նրբերանգների հաշվառմամբ պարզ է դառնում, որ ամոթխածությունը նաև պասսիվ պաշտպանական մեխանիզմի գործառույթ ունի: Սոցիալական միջավայրի հետ հուզական հավասարակշռության հաստատման գործընթացում այս հատկության նման գործառույթի ստանձնումը հանդես է գալիս` որպես ադապտիվ մեխանիզմ:

Հեղինակ՝ հոգեբան Աննա Առաքելյան


Комментариев нет:

Отправить комментарий