воскресенье, 5 августа 2018 г.

Մանկական վախեր




Վախը հոգեբանական վիճակ է, որն առաջ է գալիս, որպես ինքնապաշտպանական բնազդ առկա կամ երևակայական վտանգի դեպքում: Վախը կարող է ունենալ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ:

3-5տարեկանում երեխաները սկսում են վախենալ մթությունից, շնից, մահից, հիվանդություններից: Պետք չէ միանգամից անհանգստանալ, սա խոսում է այն մասին, որ զարգանում է երեխայի երևակայությունը: Զգայուն երեխան կարող է իր վրա վերցնել այն, ինչ կատարվում է մեկ ուրիշի հետ:

Վախեր հաճախ ունենում են այն երեխաները, որոնց մայրերը սովորություն ունեն սաստելու այս կամ այն կերպ վախեցնելով, կամ այն երեխաները, որոնց պատմում են վախեցնող հեքիաթներ, նաև այն երեխաները,որոնք ստանում են խիստ դաստիարակություն և չեն կարողանում շփվել և լինել անկախ:

Այն երեխաները, որոնց հետ ծնողները սխալ են վարվում ու սխալ դաստիարակում մշտապես հակված են ունենալ վախեր ու ֆոբիաներ: Սակայն որքան էլ ճիշտ ու նրբանկատ մոտեցում ցուցաբերեն ծնողները, երեխաները միշտ էլ ինչ-որ բաներից վախենում են:

Եթե երեխան վախենում է մթությունից, ապա պետք չէ նրա վրա ծիծաղել կամ առավել ևս վիճել, թե ոչինչ էլ չկա վախենալու: Որքան էլ մանկական վախերը շատ մեծահասակների համար տարօրինակ ու անտեղի թվան, երեխաների նուրբ ուփխրուն հոգին ունակ է վախենալ հենց այդ «անտեղի» վախից: Երբեմն երեխաները սիրում են խոսել իրենց վախերից: Ծնողը պետք է ունակ լինի լսելու երեխային և ցույց տալու հետաքրքրություն այն ամենի նկատմամբ ինչ նա պատմում է: Բայց միաժամանակ հստակ ու վստահ պիտի ասի, որ երեխային ոչինչ չի սպառնում: Մի համարեք ևս մեկ համբույրն ու գրկախառնությունը մեծ շռայլություն ձեր վախեցած երեխայի համար, սա ևս մեկ առիթ է երեխային հիշեցնելու, որ դուք իր հետեք և որ միշտ կհասնեք նրան օգնելու ու պաշտպանելու:

Ի՞նչ անել այն դեպքում, երբ երեխան վախեցած է:
Ոչ մի պարագայում երեխային մի վախեցրեք բժիշկներով, ոստիկաններով, մուլտֆիլմի հրեշներով և այլն: Պետք է դադարեցնել կարդալ հեքիաթներ կախարդների մասին, քանի որ երեխան առանց այդ էլ վախեցած է: Դադարեք վիճել նրա հետ սեղանի շուրջը ունեցած պահվածքի կամ ասենք թաց անկողնու համար: Այս պարագայում ավելորդ խստությունը կարող է բերել երեխայի մոտ մեղքի զգացման առաջացման:
Այս տարիքում փոքրիկ հետաքրքրասերները մշտապես ուզում են իմանալ այն ամենը ինչ կատարվում է իրենց շուրջը և նրանք մշտապես պատասխաններ են պահանջում ծնողներից: Եվ ահա, երբ նրանք ինչ որ տեղ լսում են մահվան մասին, անպայման հարցնում են, թե ինչ է դա: Ստանալով պատասխան ծնողից նրանք չեն դադարում մտածել այդ մասին: Այս անգամ նրանց սկսում է տանջել այլ հարց. «իսկ ես մահանալու՞ եմ»:

Երեխան, ով վախենում է մահից սկսում է հաճախ ծնողներին հարցեր տալ: Հարցնում է, թե ի՞նչ է մահը, ինչպե՞ս է դա ատահում, ու՞մ հետ: Կարևոր է, որ ծնողը հարցին տա հնարավորինս չվախեցնող պատասխան: Կարելի է ասել երեխային, որ բոլոր մարդիկ էլ մի օր մահանում են, սակայն դա լինում է միայն այն ժամանակ, երբ նրանք տարիքով շատ մեծ են:Նրանք մահանում են, որովհետև ծեր են և իրենց շատ թույլ են զգում: 
Բազմաթիվ ծնողն երերեխային մահվան մասին բացատրելու լավագույն տարբերակը համարում են այն, որ մահացողը երկար տանջվել էր, և Աստված թեթևացրեց նրա ցավերը, փոխարենը նրան տարավ երկինք, այնտեղ նրա մասին հոգալու: Մի մոռացեք նման բացատրություն տալուց հետո ժպտալ, գրկել ձեր փոքրիկին ու ասել, որ դեռ շատ երկար եք լինելու նրա հետ: 

Երեխաների մոտ տարածված է նաև կենդանիների նկատմամբ ունեցած վախը, անգամ այն դեպքում, երբ երեխան անմիջական շփում չի ունեցել և չի եղել որևէ իրադարձության ականատես: Երբեք չի կարելի երեխային հրել դեպի շունը, նրան ապացուցելու համար, որ այդտեղ ոչ մի սարսափելի բան չկա, քանի-որ այդպես մենք կամրապնդենք նրա վախը կենդանու նկատմամբ: Ինչքան քիչ ուշադրություն դարձնենք և շատ ժամանակ տանք երեխային այնքան նա ավելի շուտ կհասկանա, որ վտանգ չկա: Եվ եթե անգամ չհասկանա էլ, ապա նրա հետաքրքրասիրությունը անպայման նրան կմղի մոտենալու կենդանուն, որից հետո վախը կամաց-կամաց կթուլանա: Հիշեք, որքան համառեք, այնքան երեխան կանի հակառակը:

Հաճախ երեխաները վախենում են լողալ լողավազանում, ծովում այդ դեպքում էլ ինչպես կենդանիների դեպքում նշվեց, պետք չէ ստիպողաբար մոտեցնել երեխային, կամ առավել ևս նրա ճիչերին հակառակ նրան մտցնել ջուրը: Նման քայլով մեծահասակը ցանկություն ունի ցույց տալու, որ այդտեղ ոչ մի արտասովորբան չկա, որ կարիք չկա վախենալու: Սակայն հազվադեպ է լինում այնպես, որ երեխան նման պայմաններում հայտնվելով, տարվում է և մոռանում վախի մասին: Ավելի հաճախ լինում է այն դեպքը, որ երեխան ամբողջ կյանքում շարունակում է տանելիր հետ այդ վախը: Թույլ տվեք երեխային ինքնուրույն ուժ գտնել իր մեջ և մտնել ջուրը, անգամ եթե դա երկար ժամանակ կպահանջի:

Վախերից կարելի է ազատվել երեխայի հետ խաղում ընդգրկելով այն, ինչից նա վախենում է: Օրինակ, եթե երեխան վախենում է շնից, ապա գնեք նրա համար խաղալիք շնիկ: Այս ձևով երեխայի համար այդ կենդանին սովորական կդառնա և ժամանակի ընթացքում վախը իսկապես կանցնի կամ կթուլանա:

Որքան էլ մեզ՝ մեծահասակներիս համար տարօրինակ ու ծիծաղելի թվան նրանց վախերը,մենք մշտապես պիտի հիշենք, որ մարդիկ տարբեր են ու յուրաքանչյուրը իր վախերն ունի, անգամ եթե դրանք անհեթեթություն են մեկ այլ մարդու համար: Ավելի զգույշ պիտի լինենք, երբ խոսքը վերաբերվում է մանկական վախերին, քանի որ կարող ենք խորը հետք թողնել երեխայի վրա, որը հետագայում կնպաստի այլ, ավելի խորքային խնդիրների առաջացմանը:
Ալիսա Խաչատրյան

Комментариев нет:

Отправить комментарий