четверг, 9 августа 2018 г.

Հոգեվերլուծություն



Հոգեվերլուծությունը ուղղություն է ժամանակակից հոգեբանության մեջ, որը հիմնել է Զ.Ֆրեյդը(1856-1939) 20-րդ դարասկզբին: Ոչ մի ուղղություն ձեռք չի բերել այսքան հսկայական ճանաչում հոգեբանական ոլորտից դուրս, ինչպես հոգեվերլուծությունը: Նրա գաղափարներն ազդել են արվեստի, գրականության, բժշկության և մարդու հետ կապված գիտության այլ ոլորտների վրա:

Հոգեվերլուծություն տերմինն ունի երեք նշանակություն.
  • անձի և հոգեախտաբանության տեսությունը,
  • անձնայինխանգարումների թերապիայի մեթոդը,
  • մարդու անգիտակից մտքերի և զգացմունքների ուսումնասիրության մեթոդը:

Ամենակարևորը կյանքի մանկական փուլն է, որի ժամանակ ձևավորվում են սեռական վարքի ստերեոտիպերը, որոնք համարվում են առավել պատշաճ հարաբերությունների բնագավառ: Յուրաքանչյուր մարդու հենց մանկական փուլում գիտակցությունը բախվում է անլուծելի հակասությունների հետ բարոյականության նորմերի և բնազդային մղումների միջև, որի արդյունքում <<արգելվածը>> արտամղվում է՝ նախապատվությունը տալով սոցիալական, ընտանեկան, կրոնական բարոյականությանը, այսինքն՝ զիջելով իր բնական էությունը մեծահասակների հեղինակությանը: Այսբերգի նման հոգեկան գործունեության մեծ մասը թաքնված է գիտակցության մակերևույթի տակ և ենթակա է չկառավարվող ուժերի ազդեցությանը. սա հայտնի էր մինչ Ֆրեյդը, ինչպես նաև գոյություն ուներ անգիտակցական տերմինը: Ֆրեյդը մանրամասն հետազոտել է գիտակցականի և անգիտակցականի կառուցվածքը և նկարագրել է դրանցում ընթացող գործընթացների մեխանիզմները:

Ֆրեյդը կիրառեց տեղագրական մոդել, որի համաձայն հոգեկան կյանքում կարելի է առանձնացնել երեք մակարդակներ.
  • գիտակցություն,
  • ենթագիտակցություն,
  • անգիտակցական

Գիտակցության մակարդակը բաղկացած է զգացողություններից ու ապրումներից, որոնք մարդուն տրվում են ժամանակի կոնկրետ պահին: Գիտակցությունը ներառում է ուղեղում պահպանվող  ողջ ինֆորմացիայի  միայն փոքր տոկոսը, ընդ որում նրա մի մասը գիտակցվում է միայն կարճատև ժամանակահատվածում, այնուհետև արագ մխրճվում է ենթագիտակցության կամ անգիտակցականի մեջ՝ կախված նրանից, թե ինչպես է մարդու ուշադրությունը տեղափոխվում այլ ազդանշաններին:

Ենթագիտակցության հատվածը, որը երբեմն անվանվում է հասանելի հիշողություն, իր մեջ ներառում է ողջ փորձը, որը չի գիտակցվում ներկա պահին, սակայն կարող է հեշտությամբ ինքնաբերաբար կամ նվազագույն ջանքի շնորհիվ  վերադառնալ գիտակցություն:

Մարդկային հոգեկանի ամենախորը և էական շերտը անգիտակցականն է: Այն բնազդային բռնկումների, հույզերի և հիշողությունների պահոցն է, որոնք այնքան են սպառնում գիտակցությանը, որ ճնշվել են և արտամղվել են տվյալ ոլորտի մեջ, սակայն հենց նման անգիտակցական նյութը մեծ մասամբ սահմանում է մարդու առօրյա գործունեությունը: Անգիտակցական ապրումները ամբողջությամբ անհասանելի են մարդկանց գիտակցությանը, սակայն նշանակալի կերպով սահմանում են նրանց գործողությունները:

Բազմամյա կլինիկական դիտումների հիման վրա Ֆրեյդը ձևակերպեց հոգեբանական հայեցակարգ, որի համաձայն մարդու հոգեկանը բաղկացած է երեք մակարդակներից՝ Այն, Ես, Գեր-ես: Այսպիսին է հոգեկան կյանքի կառուցվածքային մոդելը:

Այն-ը հոգեկանի անգիտակցական մասն է՝ կենսաբանորեն բնածին բնազդային հակումների՝ ագրեսիվ և սեռական, եռացող կաթսան: Այն լի է սեռական էներգիայով՝ լիբիդոյով: Մարդը փակ էներգետիկ համակարգ է, և այդ էներգիայի քանակը յուրաքանչյուրի մոտ հաստատուն մեծություն է: Լինելով անգիտակցական և իռացիոնալ՝ 
Այն-ը ենթարկվում է հաճույքի սկզբունքին, այսինքն՝ հաճույքն ու երջանկությունը գլխավոր նպատակն են մարդու կյանքում:
Վարքի երկրորդ սկզբունքը՝ հոմեոսթազը, մոտավոր ներքին հավասարակշռության պահպանման հակումն է: Գիտակցության Ես(Էգո) մակարդակը գտնվում է Այն-ի հետ մշտական կոնֆլիկտի վիճակի մեջ, ճնշում է սեռական հակումները: Այն ձևավորվում է հասարակության ազդեցության ներքո: Ես-ի վրա ներգործում են երեք ուժեր՝ Այն-ը, Գեր-ես-ը և հասարակությունը, որն իր պահանջներն է ներկայացնում մարդուն: Ես-ը փորձում է նրանց միջև ներդաշնակություն հաստատել, ենթարկվել ոչ թե հաճույքի սկզբունքին, այլ <<իրականության>> սկզբունքին:

Գեր-ես-ը հանդիսանում է բարոյական ստանդարտների կրող, անձի այն մասն է, որը կատարում է քննադատի, գրաքննչի, խղճի դեր: Եթե Ես-ը որոշում կայացնի կամ կատարի գործողություն ի շահ Այն-ի, սակայն ի հակադրություն Գեր-ես-ի, ապա այն ժամանակ պատիժ է կրում մեղքի զգացումի, ամոթի, խղճի խայթի տեսքով:

Ես-ը(Էգո) պատասխանատու է որոշումների կայացման համար՝ ձգտելով արտահայտել և բավարարել Այն-ի(Իդ) ցանկությունները՝ համապատասխան այն սահմանափակումներին, որոնք թելադրում են հասարակության կանոնները, արտաքին աշխարհը: Հետևաբար, Էգո-ն օգնում է ապահովել օրգանիզմի անվտանգությունն ու ինքնապահպանումը՝ վերլուծելով, քննարկելով, որոշումներ կայացնելով:
Երեխայի հոգեկանի կազմավորումը՝ հատկապես Գեր-Ես-ի, տեղի է ունենում էդիպյան բարդույթը հաղթահարելու միջոցով: Արքա Էդիպի մասին հունական առասպելում, որը սպանել է իր հորն ու ամուսնացել մոր հետ, Ֆրեյդի կարծիքով, թաքնված էյուրաքանչյուր տղամարդու վրա իբր թե մշտապես կախված սեռական բարդույթի բանալին. տղան հակում է զգում մոր նկատմամբ՝ հորն ընկալելով որպես մրցակցի, որը միաժամանակ առաջացնում է և վախ, և հիացմունք, տղան ցանկանում է նմանվել հորը՝ միաժամանակ ցանկանալով նրա մահը, ու այդ պատճառով ունենում է մեղքի զգացում, վախենում է իր ծնողից: Վախենալով մալումից՝ երեխան հաղթահարում է մոր նկատմամբ սեռական հակումը, հաղթահարում է էդիպյան բարդույթը(5-6տարեկանում), և նրա մոտ հայտնվում է Գեր-ես-ը, խիղճը:

Գեր-Ես-ը կամ Սուպեր-Էգո-ն պարունակում է արժեքների և նորմերի համակարգ, որոնք համատեղելի են նրանց հետ, որոնք ընդունված են մարդու շրջապատում և թույլ են տալիս նրան տարբերել, թե ինչն է լավ և վատ, բարոյական և ոչ բարոյական: Սուպեր-Էգո-ն Ֆրեյդը բաժանել է երկու ենթահամակարգերի՝ խիղճ և Էգո-իդեալ: Առաջինը նշանակում է քննադատական ինքնագնահատականի կարողություն, բարոյական արգելքների առկայություն և մարդու մոտ մղքի զգացման առաջացում, երբ նա չի արել այն, ինչը պարտավոր էր անել: Էգո-իդեալը ձևավորվում է նրանից, ինչը խրախուսում են և բարձր գնահատում ծնողներն ու հենց մարդը, նա անձը տանում է իր համար բարձր ստանդարտների հաստատմանը:

Սուպեր-Էգո-ն համարվում է լիովին ձևավորված, երբ ծնողական հսկողությունը փոխարինվում է ինքնահսկողությամբ:  Սակայն այս սկզբունքը համաձայնեցված չէ իրականության հետ: Սուպեր-Էգո-ն փորձում է ամբողջությամբ ճնշել <<անպարկեշտ ցանկությունները>>, որոնք կապված են Այն-ի հետ, և մարդուն ուղղորդել դեպի մտքերի, բառերի և արարքների կատարելության, պատժում է և տանջում հոգեպես, անգամ ֆիզիկապես, եթե մարդը խախտում է խղճի նորմերը:

Սուպեր-Էգո-ն չի թողնում բնազդներին մտնել Ես-ի մեջ, և այդ ժամանակ դրանց էներգիան սուբլիմացիայի, վերափոխման է ենթարկվում, մարմնավորվում է գործունեության այլ ձևերում, որոնք ընդունելի են հասարակության և մարդու համար(ստեղծագործականություն, արվեստ, հասարակական և աշխատանքային գործունեություն), վարքի ձևերում(երազներում, գրասխալներում, սխալասացության մեջ, հումորների, բառախաղերի մեջ, ազատ զուգորդությունների, մոռացման առանձնահատկությունների մեջ): Այսպիսով, սուբլիմացիանճնշված, արգելված ցանկությունների էներգիաների վերափոխումն է գործունեության այլ տեսակներին, որոնք թույլատրելի են հասարակության մեջ: Եթե լիբիդոյի էներգիան ելք չի գտնում, ապա մարդու մոտ առաջնում են հոգեկան հիվանդություններ, նևրոզներ, հիսթերիկ վիճակներ, թախիծ:

Հոգեկան կառուցվածքի երեք համակարգերի միջև լավ են դիտվում կոնֆլիկտների գոտիները, որոնք կարող են ապակայունացնել անձը, եթե Ես-ը անկարող լինի վերականգնել հավասարակշռությունը:

Կոֆլիկտների գործնական լուծումը հնարավոր է միայն բավական ուժեղ Ես-ի դեպքում, որը ոչ միայն սահմանում է Այն-ի պահանջները, այլ նաև հաղթահարում է ճնշումը Գեր-Ես-ի կողմից: Սակայն դա իդեալական դեպք է: Հաճախ կոնֆլիկտային գոտիները հոգեկանի կառուցվածքում հանգեցնում են Այն-ի ֆրուստրացիայի, այսինքն՝ այնպիսի հոգեկան վիճակների, որոնք ուղեկցվում են բացասական հույզերով ու ապրումներով՝ ջղաձգությամբ, տագնապով և հուսահատությամբ: Ֆրուստրացիաները դրդում են Ես-ին հանել լարվածությունը տարբեր տեսակի <<ելքային փականների>> օգնությամբ, որոնց են վերաբերվում Ֆրեյդի և իր դուստր Աննայի կողմից առաջ քաշված հոգեբանական պաշտպանության մեխանիզմները:

Ես-ի և Այն-ի միջև կոնֆլիկտից փրկվելու համար կիրառվում են տարբեր միջոցներ: Պաշտպանական վարքը թույլ է տալիս մարդուն ապահովել իրեն այնպիսի խնդիրներից, որոնք նա դեռևս չի կարող լուծել, վերացնել տագնապը, որը կապված է սպառնացող իրադարձությունների հետ(մտերիմ մարդու, սիրելի խաղալիքի կորուստ, իր նկատմամբ այլ մարդկանց սպառված սերը և այլն), ինչպես նաև օգնում է <<հեռանալ սպառնացող իրականությունից>>, երբեմն նաև ձևափոխել այդ սպառնալիքը: Որոշ ժամանակ պաշտպանական մեխանիզմը պարզապես անհրաժեշտ է, քանի որ մարդը ի կարող միանգամից լուծել խնդիրը: Սակայն եթե ժամանակն անցնում է, և այն այդպես էլ չի լուծվում, ապա պաշտպանական մեխանիզմը անկանխատեսելի է դառնում, և նա կարող է վնասել ինքն իրեն: Նա հեռանում է իրականությունից և այն խնդիրներից, որոնք նա պետք է լուի: Այսպիսով,պաշտպանական մեխանիզմներն իրենք հաճախ առաջացնում են նորանոր խնդիրներ, ընդ որում՝ իրականը մարդը թաքցնում է՝ փոխարինելով այն կեղծ խնդիրներով:

Ֆրեյդն առանձնացրել է հետևյալ պաշտպանական մեխանիզմները.

Արտամղում. Այն այս կամ այն իրավիճակներում անընդունելի կամ անթույլատրելի ցանկությունների, մտքերի, զգացմունքների, ապրումների ոչ կամածին հեռացումն է գիտակցությունից դեպի անգիտակցականի, Այն-ի ոլորտ: Զսպումը վերջնական չի լինում, մտքի արտամղումը չի կորցնում իր ակտիվությունը անգիտակցականում, և գիտակցության մեջ դրանց հոսքի կանխարգելման համար պահանջվում է հոգեկան էներգիայի մշտական  ծախս, որի արդյունքում այն կարող է չբավականացնել մարդու առողջության և գործունեության պահպանման համար: Արդյունքում արտամղումը հաճախ դառնում է հոգեծին էության մարմնական հիվանդությունների աղբյուր(գլխացավեր, հոդերի բորբոքումներ, խոց, ասթմա, սրտային հիվանդություններ, հիպերտոնիա և այլն): Զսպված ցանկությունների հոգեկան էներգիան առակ է մարդու մարմնում՝ անկախ նրա գիտակցությունից և գտնում է իր հիվանդագին արտահայտությունը: Դրսևորվում է ցուցադրական անտարբերություն իրականության նկատմամբ:

Ժխտում. հեռացում երևակայության մեջ, ինչ-որ իրադարձության ժխտումը որպես <<անճշտություն>>: Մարդը բացարձակ անտարբեր է տրամաբանության նկատմամբ, հակասություններ չի նկատում իր դատողությունների մեջ:

Ռացիոնալիզացիա. Սեփական սխալ կամ անհեթեթ վարքը բացատրելու, արդարացնելու անգիտակցական փորձ, ընդունելի բարոյական, տրամաբանական հիմնավորումների, փաստերի կառուցում՝ վարքի,մտքերի, արարքների, ցանկությունների անընդունելի ձևերը բացատրելու և արդարացնելու համար: Որպես կանոն, այդ բացատրություններն ու արդարացումները չեն համապատասխանում կատարված արարքի իրական պատճառին, որը կարող է չգիտակցվել մարդու կողմից:

Շրջում կամ հակազդում. Իրական ցանկությանը պատասխանատու գործողության, մտքի, զգացմունքի նենգափոխում հակադարձի:

Պրոեկցիա. Կպչուն ցանկությունից, մտքից ազատվելու անգիտակցական փորձ՝ վերագրելով այն ուրիշ մարդու, սեփական որակների, մտքերի, զգացմունքների վերագրումը այլ մարդուն, այսինքն՝ <<վտանգի հեռացումը սեփական անձից>>: Երբ ինչ-որ բան քննադատվում է այլ մարդկանց մեջ, հենց դա էլ չի ընդունվում սեփական անձի մեջ, սակայն մարդը չի ընդունում այդ  փաստը և չի ցանկանում հասկանալ, որ այդ միևնույն հատկությունները հատուկ են նաև իրեն: Այսպիսով, պրոյեկցիան թույլ է տալիս սեփական թերությունների և վրիպումների սխալը դնել մեկ ուրիշի վրա: Դրանով են բացատրվում սոցիալական նախապաշարմունքները և <<քավության նոխազի>> ֆենոմենը, քանի որ ազգային և ռասսայական ստերեոտիպերն իրենցից ներկայացնում են հարմար թիրախ՝ սեփական բացասական անձնային որակները ուրիշին վերագրելու համար:

Փոխարինում. Հուզական իմպուլսի դրսևորումը առավել սպառնալից օբյեկտից կամ անձից վերահասցեագրվում է պակաս սպառնալիցին: Օրինակ, երեխան այն բանից հետո, երբ ծնողները պատժել են իրեն, հրում էէ իր փոքր քրոջը, կոտրում է խաղալիքները, ոտքով հարվածում է շանը: Քույրն ու շունը փոխարինում են ծնողներին, որոնց վրա բարկացած է երեխան: Հազվադեպ հանդիպում է փոխարինման այնպիսի տեսակ, երբ այն ուղղված է սեփական անձի դեմ՝ ուրիշներին հասցեագրված թշնամական ազդակները վերահասցեագրվում են սեփական անձին, ինչն առաջացնում է ճնշվածության և ինքնաքննադատության զգացում:

Մեկուսացում. Այն իրադրության սպառնացող հատվածի մեկուսացումն է մնացյալ հոգեկան ոլորտից, ինչը կարող է հանգեցնել անձի երկատման, ոչ լիարժեք Ես-ի:

Ռեգրեսիա. վերադարձ հակազդման առավել վաղ, պարզ միջոցին: Կայուն ռեգրեսիաները դրսևորվում են նրանում, որ մարդն արդարացնում է իր արարքները՝ երեխայի մտածողության տեսանկյունից, չի ընդունում տրամաբանությունը, պնդում է իր տեսակետը՝ չնայած զրուցակցի փաստարկների իրավացիությանը: Նա հոգեպես չի զարգանում, և երբեմն վերադառնում է մանկական սովորություններին(եղունգներ կրծել և այլն): Մեծահասակների մոտ ռեգրեսիայի <<մեղմ>> դրսևորումները  ներառում են անզսպություն, անբավարարվածություն:

Իդենտիֆիկացիա. Ինդենտիֆիկացիան սահմանվում է որպես սեփական անձի նույնականացում ուրիշ ինչ-որ մեկի հետ: Նույնականացման գործընթացում անհատը անգիտակցորեն նույնանում է այլ անհատի հետ (իդենտիֆիկացիայի օբյեկտի): Որպես նույնականացման օբյեկտներ կարող են հանդես գալ ինչպես անհատներ, այնպես  էլ խմբեր: Նույնականացումը հանգեցնում է օբյեկտի գորխողությունների ևա պրումների ընդօրինակման:

Ինտրոեկցիա. Ինտրոեկցիայի կարող են ենթարկվել այն մարդկանց գծերն ու դրդապատճառները, որոնց նկատմամբ սուբյեկտը ձևավորում է ամենատարբեր դիրքորոշումներ: Հաճախ ներհայեցվում է այն օբյեկտը, որը կորսված է. այդ կորուստը փոխարինվում է սեփական Ես-ի մեջ օբյեկտի ներհայեցմամբ: Զ.Ֆրեյդը բերել է օրինակ, երբ երեխան, որն իր դժբախտ է զգում կատվի կորստի հետևանքով, մի փոքր մտածելով, բացատրում է, որ նա ինքն է այժմ կատվիկը:

Զ.Ֆրեյդի հիմնավոր աշխատանքներից մեկն է համարվում <<Երազատեսությունների վերլուծությունը>>:  Երազատեսությունները հոգեվերլուծության մեջ դիտարկվում են որպես չիրականացված ցանկությունների և վախերի վկայություններ:
Հոգեվերլուծությունը սովորաբար անցկացվում է մեկ ժամյա հանդիպումների տեսքով: Այն երկարատև գործընթաց է, որը բաղկացած է տասնյակ կամ անգամ հարյուրավոր հանդիպումներից, որոնք անցկացվում են շատ ամիսների կամ անգամ տարիների ընթացքում:


Նյութը պատրաստել է հոգեբան Արմենուհի Խաչատրյանը, 2015 թ.


Комментариев нет:

Отправить комментарий