21-րդ դարում բավականին լայն տարածում ունի աուտիստիկ սիմտոմատիկան և
աուտիզմով երեխաները գնալով ավելի են շատանում մեր օրերում: Աուտիզմը կարելի է համարել 21-րդ դարի խանգարում: Սակայն հարկ է
նշել, որ աուտիզմով երեխաների հետ մեկտեղ, բավականին լուրջ հոգեբանական և
լուսավորչական բնույթի աշխատանքներ են անհրաժեշտ հենց այս սիմտոմատիկայով երեխաների ծնողների հետ, և
ցավով պետք է նշել, որ միշտ չէ, որ խոսվում կամ կարևորություն է
տրվում աուտիզմով երեխաների ծնողների հետ անհրաժեշտ աշխատանքներին:
Աուտիզմը հաղորդակցման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման խանգարում է,
որն արտահայտվում է
մինչև 3 տարեկան հասակը։ Աուտիզմն հիվանդություն չէ։ Գոյություն ունեն աուտիզմի առաջացման բազմաթիվ տեսություններ, որոնցից և ոչ մեկը լիարժեք չէ։ Այն տարբեր պատճառներից (հիմնականում` կենսաբանական) առաջացած և տարբեր կլինիկական դրսևորումներով համախտանիշների ամբողջություն է։ Դրա հիմքում ընկած են ներարգանդային շրջանում կամ վաղ հասակում գլխուղեղի զարգացման խանգարումները։ Որոշակի դեր ունի ժառանգականությունը։ Աուտիզմի առաջացմանը կարող են նպաստել նաև միջավայրի գործոնները։
Շատ դեպքերում, անգամ ծավալուն հետազոտություններից
հետո, դժվար է նշել որևէ կոնկրետ պատճառ։ Որոշ դեպքերում աուտիզմը կարող է զուգակցվել նյարդաբանական այլ խանգարումների, հատկապես էպիլեպտիկ ցնցումների հետ։ Ըստ որոշ վիճակագրական տվյալների` աուտիստիկ խանգարում ունենում են 10 000 հոգուց 12-ը,
ըստ որում` տղաների շրջանում այն 4-5 անգամ ավելի հաճախ է
հանդիպում։
Աուտիստիկ երեխայի քույրերի կամ եղբայրների` նման ախտանիշի հավանականությունը
կազմում է 5%։
Աղջիկների մոտ ավելի արտահայտված են մտավոր հետամնացության դեպքերը։ Առայժմ խանգառման հաստատման լաբորատոր կամ գործիքային հետազոտության հավաստի որևէ մեթոդ գոյություն չունի։ Աուտիզմով երեխաները հազվադեպ` մինչև 1-2 տարեկան հասակը կարող են նորմալ զարգանալ։ Հետագայում տեղի է ունենում զարգացման կանգ և
ձեռք բերված ունակությունների
աստիճանական կորուստ (ռեգրեսիա)։ Դա առաջինը նկատում են ծնողները, մանկաբույժը կամ ընտանեկան բժիշկը։
Աուտիզմի առկայության մասին ենթադրում են, երբ կրծքահասակ կամ արդեն քայլող երեխան իր տարիքին համապատասխան վարքագիծ չի ցուցաբերում։ Աուտիստիկ վարքագծի հայտնաբերման լավագույն միջավայրը խաղահրապարակն է` երեխայի ազատ խաղը, երբ նրան ոչ մեկը չի ուղղորդում կամ վերահսկում։ Խանգառման կասկածի դեպքում նախ և առաջ երեխային մանկական հոգեբուժի մոտ են ուղարկում։ Հետագայում նաև այլ մասնագետների (նյարդաբան, լոգոպեդ, հոգեբան) կարիքն է զգացվում։
Խանգարումները սովորաբար ի հայտ են գալիս կյանքի առաջին տարիներին և
հաճախ ուղեկցվում մտավոր զարգացման որոշակի հապաղումով։ Ծնողները տագնապում են այն ժամանակ, երբ երեխան (հիմնականում արդեն 2 տարեկանին մոտ) չի ժպտում և բացակայում է նրա հետաքրքրությունը դեպի մարդու դեմքը։ Շրջապատի հետ շփվելիս նա ակնհայտ պասիվ կամ չափազանց դյուրագրգիռ է։ Նա չի տարբերակում նույնիսկ հարազատներին։ Խանգարված է շրջապատի մարդկանց հետ շփումն և
փոխհարաբերությունների հաստատումը։ Նման երեխաները թվում են մեկուսացած, իրականությունից կտրված` hայացքով չեն շփվում շրջապատի մարդկանց հետ, չեն խոսում և չեն խաղում, ինչպես մյուս երեխաները։ Աուտիզմն ունի տևական ընթացք։
Դպրոցական և պատանեկան հասակի երեխաների զարգացման գործընթացում որոշ ոլորտներում սովորաբար նկատվում է առաջընթաց (օրինակ` հետաքրքրությունների սահմանների ընդլայնում` կապված հասարակական աշխատանքի կամ դպրոց գնալու հետ)։ Պատանեկան հասակում որոշ անհատների վարքագիծը վատանում է,
իսկ մի մասինը` լավանում։ Խանգարման հետագա ընթացքը կանխագուշակելու լավագույն ցուցանիշներն են խոսքի հմտությունների (օրինակ` հաղորդակցման խոսքի) և ընդհանուր իմացական մակարդակի տեղաշարժերը։
Աուտիստիկ երեխաների մեծ մասի մոտ առկա է
նաև մտավոր հետամնացություն։
Հոգեբանական թեստերով դժվար է
գնահատել նման երեխաներին, քանի որ նրանք ունեն շփման և հաղորդակցման խանգարումներ։ Որոշ երեխաներ, ճիշտ է` հազվադեպ, բայց ունենում են լավ զարգացած առանձին ունակություններ, օրինակ` բարդ թվային հաշվարկներ են կատարում, խրթին գլուխկոտրուկներ են լուծում, զարմանալի հիշողություն կամ մեծ ընդունակություններ
են ցուցաբերում արվեստի և երաժշտության ասպարեզում։ Վաղ ախտորոշումը նպաստում է բուժվերականգնողական
միջոցառումների վաղ իրականացմանը` ապահովելով տվյալ դեպքի համար հնարավոր առավելագույն արդյունավետություն։ Ոչ դեղորայքային բուժումն ուղղված է սոցիալական փոխհարաբերություններ հաստատելու ունակության, ուշադրության, ինչպես նաև առկա ուժեղ հատկանիշների զարգացմանը։ Բուժումը պետք է
հիմնված լինի տվյալ անձի անհատական կարիքների և
հնարավորությունների վրա։ Վարքագծի, շփման և խոսքի զարգացման խթանման համառ ջանքերը կարող են որոշ չափով օգնել աուտիզմով երեխային։
CNTNAP2 գենը, որը նախկինում համարում էին աուտիզմի զարգացման պատճառ, նույնպես կապված է երեխաների շրջանում տարածված խոսքի զարգացման հապաղման հետ։ Նման եզրակացության են եկել Օքսֆորդի համալսարանի գիտնականները, որոնց կատարած հետազոտության տվյալները հրապարակվել են «New England Journal of Medicine» հանդեսում։ Իրականում գոյություն չունի աուտիզմի հատուկ բուժում։ Խանգարման բուժումն ախտանշային է։ Օգտագործվում են հակափսիխոտիկ, հոգեխթանիչ, հակադեպրեսանտ, տրամադրությունը կարգավորող և
այլ դեղեր։ Դեղորայքի օգնությամբ կարելի է մեղմել աուտիզմին բնորոշ ագրեսիվության պոռթկումներն և
անքնությունը, գերակտիվությունը, տագնապները, տրամադրության խանգարումները, ինչպես նաև լավացնել ուշադրությունը, ընկալումը, շփումը շրջապատի մարդկանց հետ` դրանով իսկ նպաստելով ուսուցման ունակությունների ընդլայնմանը։
Հոդվածը պատրաստել է՝ հոգեբան Անդրանիկ Բաբայանը,
2018 թ.:
Комментариев нет:
Отправить комментарий