Ոտնաթաթերի վրա ռեֆլեքսոթերապիայի առողջարարական պրակտիկան հիմնվում է այն պատկերացման վրա, որ ոտնթաթերի վրա գտնվում է կետերի և գոտիների մի համակարգ, որն արտացոլում է օրգանիզմն ամբողջությամբ:
Ըստ էության, ոտնաթաթը մարդու օրգանիզմի փոքրացված պատճեն է: Ոտնաթաթերի վրա ռեֆլեքսոթերապիան, խթանելով ակտիվ գոտիները, նպաստում է ավշի և արյան հոսքի վերականգնմանը և կարգավորում է տարբեր օրգանների աշխատանքը: Ինչպես և այլ նմանատիպ մեթոդների կիրառման դեպքում /ակուպունկտուրա, ակուպրեսուրա, մանուալ թերապիա, օրտոբիոնոմիա/, ոտնաթաթերի վրա ռեֆլեքսոթերապիան գործում է մարդու բոլոր ներքին պահեստային ուժերի հետ և դրա ներգործությունը տարածվում է ոչ միայն մարմնական, այլև հուզական և մտավոր մակարդակների վրա:
Ռեֆլեքսոթերապիայի բուժական արվեստն ունի հազարամյակների պատմություն, այն կիրառվել է հին Հնդկաստանում, Տիբեթում, Չինաստանում, Եգիպտոսում և Ամերիկայում: Պատմական տրակտատներից մեկում ուղղակի հղումներ կան այն մասին, որ Կլեոպատրան ոտնաթաթերի ռեֆլեքսոթերապիա է կիրառել Մարկոս Անտանիոսի ոտքերը լվալից /60 մ.թ.ա./:
Ռեֆլեքսոթերապիայի զարգացմանն առավել դյուրին է հետևել նորագույն ժամանակում: 1917 թվականին ամերիկացի բժիշկ Ուիլյամ Ֆիցջերալդը դրեց այդ գիտության հիմքը, ներմուծելով «գոտիական /զոնալ/ գաղափարը»: Նա սահմանեց տասը էներգետիկ գոտիների առկայությունը: Դոկտոր Ֆիցջերալդը պարզեց, որ սեղմելով մատների որոշակի հատվածների վրա, նա կարող է մեղմել մարմնի այլ օրգաններում առկա ցավը:
Այս գիտությունն իր ժամանակակից ձևաչափը ձեռք է բերել գլխավորապես շնորհիվ բժիշկ-թերապևտ Յունիս Ինգհեմի, ով աշխատում էր դոկտոր Ռայլիի ղեկավարությամբ: Նա բացահայտեց, որ ոտնաթաթերն առավել զգայուն են արձագանքում սեղմումներին, քան ձեռքի դաստակները, նաև պարզեց, որ ներգործության համար ամենից արդյունավետ հոտին հենց ոտնաթաթերն են:
Վերջին տասնամյակներում ոտնաթաթերի վրա ռեֆլեքսոթերապիան մեծ ճանաչում է ձեռք բերել մասնագետ բժիշկների շրջանում, ովքեր գործնականում համոզվել են, որ այլ մեթոդների հետ նրբորեն համատեղելով, ռեֆլեքսոթերապիան զգալիորեն ուժեղացնում է բուժական ազդեցությունը: Դա հնարավոր դարձավ մեծապես շնորհիվ Հաննա Մարքվարդի աշխատությունների, ով արդեն ավելի քան կես դար է, սկսած նախորդ դարի 60-ական թվականներից, ուսումնասիրում է, կիրառում և տարածում այդ մեթոդը Գերմանիայում և այլուր: Հատվածում ամբողջի արտացոլման փոխադարձ կապերի խորին ուսումնասիրությունները, ներազդեցության տեխնիկայի և մեխանիզմների մանրակրկիտ մշակումը, բուժական չափաբաժինների բազմիցս ճշտված հանձնարարականները, ցուցումները և հակացուցումները հնարավորություն տվեցին գիտական ճանաչում ձեռք բերել այն մեթոդին, որն աշխարհի տարբեր երկրներում հայտնի է որպես Ռեֆլեքսոթերապիա ոտնաթաթերի վրա ըստ Հաննա Մարքֆարդի:
Բժշկության տարբեր ասպարեզների մասնագետների հետ համագործակցության շնորհիվ, Հաննա Մարքվարդին հաջողվեց էապես լայնացնել մեթոդի կիրառման ոլորտը, նա ոտնաթաթերի վրա տեղափոխեց օրգանիզմի համակրգերի և օրգանների հետ ատամների և դեմքի գոտիների փոխկապակցվածության վերաբերյալ վկայությունները, ինչպես նաև հիմնավորեց սպիների ազդեցության հոգեբանական և ֆիզիոլոգիական տեսակետներն ու դրանց բուժումը ոտնաթաթերի վրա ռեֆլեքսոթերապիայի միջոցով:
Շարունակական վերլուծությունը և գործնական կիրառության փորձի ընդհանրացումը թույլ տվեցին առավել խորը մշակել ոտնաթաթերի վրա ռեֆլեքսոթերապիայի մեթոդով ախտորոշման ասպեկտը, ինչը մասնագետին օժանդակում է առավել ճշգրիտ կողմնորոշվել հիվանդությունների քողարկված վիճակում կամ վաղ շրջանում թույլ արտահայտված ախտանիշների պարագայում:
Անհրաժեշտ է հատկապես ընգծել ոտնաթաթերի վրա ռեֆլեքսոթերապիայի մեթոդի ազդեցությունը մարդու հուզական հավասարակշռության վերականգնման խնդրում: Այդ առումով մասնագետը հնարավորություն ունի աշխատելու էներգետիկ միջօրեականների, ավշային համակարգերի գոտիների և կոնքային կապանների հետ /ըստ Ֆրոնեբերգի/, կիրառել բուժման համալատերալ և հակալատերալ սկզբունքներ, ինչպես նաև էուտոնիկական տեխնիկայի լայն սպեկտր: Վերոհիշյալ ամենն ուղղակիորեն կապված է ներգործության ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական ասպեկտի հետ: Վերականգնելով միօրեականներում խախտված էներգետիկ կապերը, հավասարակշռելով զգացումները մարմնի աջ և ձախ մասերում, հավասարեցնելով ուշադրությունը արտաքին /վերին/ և ներքին /ստորին/ խնդիրների նկատմամբ՝ մարդը ռեսուրսներ է ձեռք բերում անձի փոփոխության համար:
Ներկայումս աշխարհի տարբեր երկրներում «Ռեֆլեքսոթերապիա ոտնաթաթերի վրա» դպրոցի 25 բաժանմունքներ են գործում: Այդ մեթոդը Հայաստան բերվեց 1993 թվականին՝ մարդասիրական օգնության շրջանակում, երբ երկրում շանրագույն ճգնաժամ էր տիրում: Հենց այդ ժամանակ էլ բացվեց «Ռեֆլեքսոթերապիա ոտնաթաթերի վրա» դպրոցը:
Մեթոդի հիմադրույթը գրանցված է դպրոցի խորհրդանիշի վրա՝ «Hominis imago in pedibus», ինչը նշանակում է «Մարդն արտացոլված է ոտնաթաթերի վրա»: Մեթոդի շրջանակում ոտնաթաթերը ներկայանում են որպես «միկրոհամակարգ», որոնց վրա արտացոլված է մարդն ամբողջությամբ: Հաննա Մարքվարդի մեթոդը ենթադրում է ամբողջական և խիստ անհատական մոտեցում: «Բուժիր ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդին», - ասում էր Հիպոկրատը:
Ռեֆլեքսոթերապիայի հիմնական ազդեցությունը լարվածության թուլացումն է: Լարվածության վերացումը նպաստում է արյան շրջանառության լավացմանը և ներվային համակարգի նորմալ գործունեությանը՝ վերականգնվում է օրգանիզմի հիմնական ֆունկցիաների հոմեոստազը /օրգանիզմի ունակությունը դիմագրավելու արտաքին ազդեցություններին, որոնք խախտում են հավասարակշռությունը:
Պրոցեդուրան տևում է 30-40 րոպե: Պրոցեդուրայի ընթացքում հիվանդը պառկած կամ նստած է, իսկ մասնագետն աշխատում է բոբիկ ոտնաթաթերի վրա, կիրառելով ձեռքի ազդեցության տարբեր տեխնիկաներ, առանց հատուկ սարքերի օգտագործման: Բուժման ընդունված կուրսը ենթադրում է 5-8 պրոցեդուրա, որոնք կատարվում են շաբաթական 2-3 անգամ պարբերականությամբ:
Թեև ռեֆլեքսոթերապիան ոտնաթաթերի վրա քիչ ժամանակ է պահանջում, սակայն դրա ազդեցությունը շատ ավելի երկար է տևում, պրոցեդուրայից պրոցեդուրա ավելի ու ավելի ուժեղանալով: Երբեմն, բուժման կուրսի ամենասկզբում, հիվանդի մոտ կարող են առաջանալ տհաճ /խսիտ հազավդեպ՝ ցավագին/ զգացումներ: Սակայն այդ բոլոր զգացումները ծուտով վերանում են և դա խոսում է այն մասին, որ օրգանիզմն արձագանքում է բուժմանը:
Ռեֆլեքսոթերապիան ցուցված է նույնսիկ հղի կանանց, երեխաներին և տարեց մարդկանց: Ներգործությունը յուրաքանչյուր դեպքում անհատական է և մեծապես կախված է հիվանդի և թերապևտի համագործակցության աստիճանից:
Կանխարգելման նպատակով, որպեսզի պահպանվի առողջությունը և լավ տրամադրությունը, ռեֆլեքսոթերապիայի պրոցեդուրան ոտնաթաթերի վրա կարելի է կատարել տարին երկու անգամ պարբերականությամբ:
Քանի որ մեր օրերում հիվանդությունների մեծ մասը պայմանավորված է սթրեսներով, որակավորում ունեցող ռեֆլեքսոթերապևտի օգնությունը կարող է լինել անչափ արդյունավետ ամենատարբեր ֆիզիկական և հուզական վիճակներում:
Ոտնաթաթերի վրա ռեֆլեքսոթերապիայի առավելությունները՝
- Արդյունավետ, դարերով և ստուգված բուժականմիջոց,
- Հարմարավետ և հաճելի բուժման ձև,
- Ախտորոշման բացառիկ մեթոդ, որն առանձնանում է մեծ տեղեկատվությամբ,
- Տարբեր հիվանդությունների կանխարգելման արդյունավետ միջոց,
- Հիանալիորեն զուգակցվում է բուժման այլ տեսակների հետ, ուժեղացնելով դրանց ազդեցությունը:
- Մարդկանց համար, ովքեր ունեն քրոնիկական կամ սուր ընթացող հիվանդություններ՝
- Ցավի մեղմացում,
- Լարվածության վերացում,
- արյան շրջանառության բարելավում,
- Նութափախանակության խթանում,
- Օրգանիզմի մաքրում:
Առողջ մարդկանց համար՝
- Խորը և հաճելի հանգստացում,
- Քնի բարելավում,
- Ուշադրության և կենտրոնացման բարձացում,
- Ներդաշնակության վերականգնում,
- Իմունիտետի ամրացում:
Հակացուցումներ՝
- Անոթային համակարգի սուր հիվանդություններ /թրոմբի ազատման վտանգ/
- Ավշային անոթների սուր բորբոքային հիվանդություններ, օրինակ՝ կիմֆոսարկոմա, անհայտ ծագում ունեցող ընդհանրացված լիմֆադենիտ,
- Բեկորների և այլ օտարածին մարմինների առկայությունը օրգանիզմում, որոնք անմիջապես մոտ են գտնվում կենսականորեն կարևոր օրգաններին,
- Հոգեկան խանգարումներ, այդ թվում նաև քողարկված փուլում,
- Օրգանների փոխպատվաստում, քանի որ դա կարող է հանգեցնել օտարածին օրգանի անջատմանը,
- Անևվրիզմներ,
- Անմիջապես ոտնաթաթերի վրա գտնվող մելանոմաներ:
Комментариев нет:
Отправить комментарий