вторник, 24 июля 2018 г.

Քրիստոնեական հենքով հոգևոր կյանք


Հաճախ լսում ենք այսպիսի խոսքեր. «Ես կորցրել եմ կյանքիս իմաստը», «Ես չեմ կարողանում սիրել մարդկանց», «Ես չգիտեմ որն է հոգևոր ողորմածությունը», «Ես կարդացել եմ Աստվածաշունչը, հաճախել եկեղեցի, բայց իմ կյանքում ոչինչ չի փոխվել», «Եթե ես հոգևոր կյանքով ապրեմ, կյանքում ուժեղ չեմ լինի, կտուժեն իմ ֆինանսական գործերը»,
«Ես հրեաների աստծուն չեմ ընդունում», «Ես չեմ կարողանում աղոթել գրաբարով», «Ես մեղք չեմ գործում, որ ապաշխարեմ», «Ես չեմ ուզում մեղքիս ու սխալներիս մասին մտածել, որ չհուսահատվեմ, որ ուրիշները չիմանան ու երեսով չտան», «Ես հիասթափվել եմ հոգևորականներից ու քարոզիչներից, ինչ հոգևոր կյանք», «Ինչու պիտի ես ներեմ», «Ես վախենում մահից», «Իմ ծնողները ինձ չեն հասկանում», «Ես ապրում եմ զավակներից համար, իսկ նրանք ինձ անտեսում են», «Որքան փորձում եմ ամուսնուս /կնոջս/ փոխել, չի ստացվում», «Անկախ ինձանից ես բարկանում եմ», «Ես մենակ եմ և դժբախտ», «Հոգիս ցավում է, դրա համար էլ խմում եմ», «Ես չեմ ուզում փոխվել, այսպես էլ մնա, լավ է», «Ես հոգեկան հիվանդ եմ, որ դիմեմ հոգեբանի, որ հոգիս բուժեմ, ինչ ասել է անձնային աճ: Ես ավելորդ փող չունեմ, որ նման դատարկ բաներիվրա ծախսեմ, հիմա ով նևրոզ չունի» ... և այլն:

Մեր ժամանակներում շատերը վերափոխվում են, սակայն բացսական առումով. Մարդիկ օտարվում են հոգով, մեծանում է միջանձնային և հոգեբանական տարածությունը նրանց միջև: Դեռ ավելին, պակասում է Աստծո հանդեպ սերը: Փոխարենը ավելանում են հոգեկան և մարմնական հիվանդությունները, հոգևոր ախտերը, այլասերումները դառնում են անուղղելի, կորուստները՝ անդառնալի: Բնականաբար, նման երևույթները կուտակվելով՝ ուղղակիորեն անդրադառնում են հասարակության բարոյա-հոգեբանական նկարագրի վրա: Շատ մարդկանց մտքով չի էլ անցնում, որ իրենք ևս ունեն հոգևոր-հոգեբանական խնդիրներ, կարիք ունեն ապաքինման, անձնային աճի: Ոմանք փորձում են հարցերը լուծել դեղեր ընդունելով, սակայն դա լուծման միջոց չէ, դեղերը և դրանց չարաշահումը բացասաբար են ազդում մարդու առողջության վրա՝ հիվանդությունը ճնշում, առաջացնում են կախվածություն: Մարդը ունի հոգևոր ու կենսական ուժ: Երբ սրանց հանդեպ սպառողական մոտեցում է դրսևորվում, մարդիկ ուժասպառ են լինում, ի վերջո հիվանդանում հոգով և մարմնով: Կյանքում հաճախ հայտնվում ենք շրջադարձային իրավիճակներում, ունենում անպատասխան հարցեր և անլուծելի խնդիրներ, որոնք մեզ հուշում են, որ հարկավոր է անձի արմատական վերափոխում՝ նորոգում մտածողության մեջ, խոսքերում, խորհուրդներում և գործերում: Այս ամենը կատարելու համար մարդուց պահանջվում է պատասխանատվություն, ճիգ ու ջանք: Հաճախ անձը, եթե չի ունենում համապատասխան իմացություն և հմտություն, միայնակ, ինքնուրույնաբար չի կարողանում իր խնդիրներին լուծումներ տալ, որի համար էլ դիմում է անձնաց, ովքեր կարող են բավարար ժամանակ տրամադրել հոգեխնամությանը, որոնց փորձն ու հմտությունները կարող են հետաքրքիր և օգտակար լինել իրեն՝ ինքնաճանաչման, վերափոխման, իր խնդիրները ինքնուրույն լուծելու, իր հարցերի պատասխաններն ստանալու համար: Թեպետ սեփական սխալները տեսնելը և մանավանդ ուղղելը, վիրահատության նման է և չափազանց ցավոտ, սակայն անհրաժեշտություն են և կենարար:
Կա մի սահման, որից այն կողմ մարդու հնարավորությունները չեն կարող անցնել, բայց համառ ջանքերի դեպքում, գալիս է նաև Աստծո օգնությունը, որն ոչ միշտ է համընկոնւմ մեր պատկերացումներին: Եվ այդուհանդերձ, այն գալիս է, քանի որ Աստված Սեր է, մեր հոգու փրկության համար Նա Իր Արյունն է տվել, և մտահոգված է հոգիների փրկությամբ՝ հարգելով յուրաքանչյուրի ազատ որոշում կայացնելու կարողությունը և ընտրությունը:

Մարդն իբրև հոգևոր էակ, ձգտում է երջանկության ու կատարելության, սակայն կորցնելով իր աստվածային պատկերն ու նմանությունը, նա մտել է փակուղի, որից դուրս գալու հիմնական ելքը՝ վերադարձն է դեպի հոգևոր կյանք: Սա հազարամյակների խնդիր է: Այդ ընթացքում հոգևոր կյանքի բազում մոտեցումներ են դրևսորվել: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ քրիստոնեությունը կապված է միայն տխրության հետ և նրան օտար են ուրախությունն ու երջանկությունը: Սա թյուր կարծիք է, որ գալիս է չիմացությունից կամ՝ թերիմացությունից: Հիմնականում նման կարծիքի են հասարակության այն ներկայացուցիչները, ովքեր գերադասում են նյութականը, անտեսում իրենց պատասխանատվության բաժինը, տարվում են միայն հաճույքներով, կյանքի հանդեպ դրսևորում սպառողական դիրքորոշում: Արդյունքում նրանցից շատերը ունենում են անպիտանության, հոգևոր ամայության խորը զգացում, ինքնաոչնչացման սևեռուն մտքեր՝ ողբերգական ավարտով: Շատ մարդիկ ընդհանրապես գաղափար չունեն կամ չեն ուզում տեսնել, որ կյանքը բազմակողմ է, և կողմերից մկեը հոգևոր կյանքն է: Չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ հավատքը միայն պահք պահելն ու մոմ վառելն է: Հավատքն առանց գործերի, առանց ինքնաճանաչման ու հոգևոր վերանորոգման, ոչինչ է: Հոգևորի ու Ճշմարտության անտեսումը հարցականի տակ է դնում ոչ միայն տվյալ անձի հոգևոր աճը, այլև  նրա փրկագործությունն ընդհանրապես: Այսօր կյանքի տարբեր ոլորտների բազմաթիվ արհեստավարժ մասնագետներ՝ իրենց խոսքով և գործով հաստատում են, որ առանց քրիստոնեական հավատքի, առանց հոգևոր կյանքի ու մտածողության, առանց անձնային աճի, չի կարող լինել երջանկություն և ապագա:

Չկա 100 տոկոսանոց վստահելի մարդ, միայն Աստված է այդպիսին և Նրա հանդեպ հավատն ու վստահությունը մեր առջև բացում են հավիտենության լուսավոր դռներ: Առանց աստվածային կամքի, առանց Նրա օգնության, միայն մարդկային ուժերով գրեթե անհնար է դիմակայել բոլոր փորձությունները, ապրել սիրով լի, իմաստալից, արժանապատիվ կյանք, ունենալ հավիտենական փրկություն ու երջանկության հեռանկար: Ներկայումս աշխարհի շատ երկրներում գործում են քրիստոնեական հոգեխնամության վերականգնողական կենտրոններ, ուր գրանցվում են հրաշալի արդյունքներ: Ժամանակն է, որ Հայաստանում ևս գործեն այդօրինակ կառույցներ, մանավանդ, որ մեր երկիրն անցնում է պատերազմների, բազում փորձությունների, վայրուվերումների միջով, երբ մարդկանց սրտերում պակասում է սերը, հավատքը, երբ ավելանում են հոգըոր գիտելիքների, հոգեխնամության կարիք ունեցողները, երբ մարդիկ անհրաժեշտություն են զգում հոգևոր ընթացքին առնչվող խնդիրների քննարկման, հետադարձ կապի, հոգևոր առաջընթացի և ընդհանրապես, աջակցության ու խնամքի:

Մենք նպատակ չունեն մեր վրա վերցնել քահանայի դեր, ով ունի օծություն և իրավունք կատարելու արձակման, պահպանիչ, դիվահալած և այլ կարգեր: Մանկավարժական- քրիստոնեական կրթությունը, կյանքի փորձն ու խնամատարության այլ հմտություններ մեզ հնարավորություն են տալիս՝ գործելու հոգեխնամության պատասխանատու և դժվարին ոլորտում:

Սեմինարների շարք «Քրիստոնեական հենքով հոգևոր կյանք»

Комментариев нет:

Отправить комментарий