Հոգեբանական դիմանկարն որակական նկարագիր է, այլ ոչ թե քանական: Թեստային տվյալների մշակման արդյունքում դիմանկարը ոչ թե սանդղակ է, նկարագրող թվերի հարաբերակցությունը ըստ տարբեր գործոնների, այլ այդ թվային հարաբերակցության տեքստային մեկնաբանում:
Յուրաքանչյուր մարդ անհատականություն է, յուրաքանչյուր անհատականության մեջ առանձնացնում են անձի հիմնական և ծրագրավորող հատկություններ:
Հիմնական հատկություններ են` խառնվածք, բնավորություն, ընդունակություններ: Դրանց միջոցով դրսևորվում են հուզականություը` ռեակտիվության, տագնապալիության, կայունության մակարդակը, հակազդման տեմպը, դինամիկությունը, զգայունակությունը, ակտիվությունը:
Ծրագրավորող հատկություններն են` ուղղվածություն /գործնական, անձնային, հաղորդակցական/, մտավոր ունակություններ` ինտելեկտի կառուցվածքը և զարգացման աստիճանը, ինքնագիտակցություն, կամային հատկանիշներ` դժվարություններ հաղթահարելու կարողություն, նպատակին հասնելու հաստատակամություն, հաղորդակցվելու ունակություն, ինքնագնահատական, ինքնատիրապետման մակարդակ, խմբային փոխազդեցության ընդունակություն:
Անհատականության հատկությունների հիման վրա էլ կառուցվում է մարդու անձի հոգեբանական դիմանկարը:
Անձի հոգեբանական դիմանկար կազմելու համար կիրառվող մեթոդները`հոգեբանական հարցազրույց, հոգեախտորոշում, հատուկ դեպքերում` ստուգում պոլիգրաֆի միջոցով:
Հոգեախտորոշման արդյունքում ձևավորվում է լայնածավալ հոգեբանական բնութագրական` «հոգեբանական դիմանկար», որտեղ ներկայացված են մարդու անձի հիմնական անկյունաքարային գծերը: Բացի այդ հաշվետվության մեջ մտնում են հոգեբանի կոնկրետ հանձնարարականները հիմնական խնդրահարույց հարցերի վերաբերյալ:
Комментариев нет:
Отправить комментарий