Մարմնակողմնորոշիչ հոգեթերապիա
Մարմնակողմնորոշիչ հոգեթերապիան, կամ, ինչպես այն հաճախ անվանում են, մարմնակենտրոն (սոմատիկ) թերապիան ժամանակակից կիրառական հոգեբանության համեմատաբար երիտասարդ և հեռանկարային ուղղություն է: Հոգեթերապիայի այս մեթոդն ուղղված է այցելուի կողմից սեփական մարմնի գիտակցմանն ու «ազատագրմանը», դրա կենսաբանական և սոցիալապես պայմանավորված ռեակցիաների ճանաչմանը, վերադարձին մարմնի զգացողությանը և սեփական անձի մեջ առաջնային իմպուլսների բացահայտմանը:
Մարմինը ձևավորվում է բեղմնավորման պահից և հենց այդ պահից էլ սկսում է զգալ և «խոսել»: Աշխատանքն իրականանում է մարմնի և գիտակցության մեջ փոփոխությունների, ռեակցիաներին տրվող դրանց պատասխանի դիտարկման միջոցով: Արդյունքում նվաճվում է ամբողջականություն ներկա պահի ապրման և հակազդման մեջ: Խնդիրն է սահմանել այն, թե ինչպես է արձագանքել օրգանիզմն ու կոնկրետ որ մակարդակում է տեղի ունեցել մարմնի պատասխանը:
Եթե հետևենք մեր մտերիմների քայլվածքին, կեցվածքին և շարժուձևին, ապա կարելի է նկատել մարմնական պատասխանի և նրանց վարքի սովորությունների բազմազանություն: Դրանք ձևավորվում են ողջ կյանքի ընթացքում, և դրանք կարելի է գիտակցաբար փոփոխել՝ աշխատելով այցելուի մարմնի, հոգեկանի և սովորությունների հետ ամբողջությամբ:
Որոշակի մկանների շարժման արգելափակման ձևավորումը, աղիքների ռեակցիան սթրեսային իրադրությանը կամ ճնշված տրամադրությունն ու կպչուն մտքերը, որոնք կարող են առաջանալ, կախված են մարմնի պատասխանից: Եվ, այդ պատասխանից կախված, կարելի է ունկնդրել մարմնին և սովորել հասկանալ ինչպես սեփական մարմնի, այնպես էլ սեփական այցելուների մարմինների խնդիրները:
Նոր մկանային պատասխանների ձևավորումն ու գիտակցված վերապատրաստումը և նոր նյարդային կապերի ստեղծումը հանգեցնում է նոր զգացողությունների և նոր փորձի, մտածելակերպի և տարածության ընդլայնման:Անսովոր ֆիզիկական զգացողությունները նաև հնարավորություն են տալիս աշխարհն ու սեփական անձը տեսնել նոր գույներով, դուրս գալ ոչ միայն մկանների, այլ նաև կարծրատիպային մտածողության արգելափակումների «պատյանից»:
Պատմական անդրադարձ
Մարմնական պրակտիկաները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից: Դրանք ուղղված են առողջության նվաճմանն ու պահպանմանը և գոյություն ունեին այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են մարտական արվեստը, բժշկությունը, շամանիզմը, պարերը, սեռական հարաբերությունները, կրոնական և կենցաղային ծիսակարգերը: Չինաստանում դեռևս մ.թ.ա. 1-ին դարում ցավող տեղի վրա ճնշման և տրորման միջոցով հասնում էին օրգանիզմի ընդհանուր վիճակի լավացման, հետագայում ստեղծվեց մերսման և ասեղնաբուժության միջոցով բուժման ամբողջական համակարգ:
Մեկ այլ օրինակ է ռուսական բաղնիքը, որը մինչ օրս համարվում է սթրեսի և հոգնածության վերացման կիրառելի միջոց: Եվ բազմաթիվ են ժողովրդական ավանդույթների նման օրինակներ:
Մարմնական հոգեթերապիայի հիմնադիրները գործնականում ծանոթ են եղել մարմնի հետ աշխատանքի հնագույն, մեծ մասամբ, արևելյան մոդելներին: Նրանք ադապտացրել են արևելյան ուսմունքների սկզբունքները ժամանակակից աշխարհի պահանջներին: Եվ այսօր, հոգեթերապիայի համատեքստում, գոյություն ունի տարատեսակ մարմնակողմնորոշիչ բուժական համակարգերի բազմություն, որոնց շարքում առավել հայտնի են «Ռեյխի թերապիան», բիոէներգետիկ հոգեվերլուծությունը (ըստ Լոուենի), Ֆելդենկրայզի մեթոդը, Ալեքսանդերի տեխնիկաները, ռոլֆինգը, ռոզենի մեթոդը, բիոսինթեզը, բոդինամիկան, բիոդինամիկ հոգեվերլուծությունը, սոմատիկ հոգեբանությունը և ընթացակարգային հոգեթերապիան:
Մարմնակողմնորոշիչ թերապիայի մեթոդների ընդհանուր հիմք է համարվում այցելուի մարմնի հետ թերապևտի կապի կիրառումը, որը հիմնված է մարմնի և հոգեվիճակի անքակտելի կապի մասին պատկերացման վրա:
Մարմնակողմնորոշիչ թերապիայի զարգացման վրա մեծ ազդեցություն է ցուցաբերել Կ. Յունգի վերլուծական հոգեբանությունը, որն ասում էր. «Մարմինն առանց հոգու մեզ ոչինչ չի ասում», «Հոգու ոչ մի նշանակություն չի կարող ունենալ առանց մարմնի»: Յունգը գտնում էր, որ ցուցադրական, դերասանական ապրումները, որոնք նա անվանում էր «ակտիվ երևակայություն», արտահայտված, օրինակ, պարի մեջ, կարող են անգիտակցականից դուրս հանել անգիտակցական հակումներ ու պահանջմունքներ և դրանք հասանելի դարձնել կատարսիսային ազատագրման և վերլուծություն համար: «Հոգին ու մարմինը առանձին էություններ չեն, այլ միևնույն կյանքը» (Ռ. Ֆրեգեր, Դ. Ֆեյդիմեն): Յույնգն առաջինը սկսեց արևելյան ուսմունքներում ոգեշնչում փնտրել հոգեթերապևտիկ գործունեության համար և միաժամանակ այն ներկայացնել Արևմուտքի մարդկանց:
Մարմնական թերապիան լայն ճանաչում և համակարգված ձևակերպում ստացավ ավստրիացի հոգեվերլուծաբան Վիլհելմ Ռայխի աշխատանքների շնորհիվ, որը գտնում էր, որ վարքի պաշտպանական ձևերը, որոնք կոչվում են <<բնավորության պատյան», արտահայտվում են մկանային լարվածությամբ, որը ձևավորում է պաշտպանողական «մկանային պատյան», և շնչառության վատացմամբ: Մարմնական ոլորտում այն հանգեցնում է շարժունակության սահմանափակումների, դիրքի խանգարման, արյան շրջանառության վատացման, ցավերի (այս ամենը դառնում է օստեոխոնդրոզի, արթրոզի, այլ սոմատիկ հիվանդությունների պատճառներ): «Զրահը» թույլ չի տալիս բնականորեն արտահայտվել ցանկացած հույզերի, խանգարում է անձնային աճին: Մանկության տարիներից ճնշված հույզերը (զայրույթ, վախեր, վիշտ և այլն) ելք են պահանջում և առաջացնում նյարդային կծկումներ, կակազ, նևրոզների բոլոր տեսակները, հանգեցնում են վնասակար սովորությունների (այնպիսիք, ինչպիսիք են շատակերությունը, ծխելը, հարբեցողությունը և այլն), դիստոնիայի, պեպտիկ խոցի, այլ սոմատիկ և նյարդա-հոգեկան հիվանդությունների: Մարմնական թերապիայի մեթոդները շեշտադրված են սեփական մարմնի հետ այցելուի ծանոթության վրա, ինչը ենթադրում է նրանց կողմից մարմնական զգացողությունների գիտակցման ընդլայնում, ուսումնասիրությունն այն ամենի, թե ինչպես են այցելուի պահանջմունքները, ցանկությունները և զգացմունքները կոդավորվում տարբեր մարմնական վիճակներում և այս բնագավառի միջոցով այցելուին ներքին կոնֆլիկտների իրատեսական հաղթահարման ուսուցում:
Մարմինը համարվում է մեր հոգեկանի շարունակություն: Մարդու մարմինը համարվում է նրա կողմից բոլոր ապրված հուզական վիճակների նյութական արտացոլում: Հույզերը, մտքերը, գործողությունները, որոնք մեխանիկական են դարձել և անցել են ֆիզիկական պլան, հաճախ չեն գիտակցվում ու չեն վերահսկվում մարդու կողմից: Ճնշելով ցանկություններն ու հույզերը՝ մարդը թաքցնում է դրանք մարմնում՝ դրանով իսկ ստեղծելով բլոկներ ու արգելափակումներ:
Նոր մկանային պատասխանների ձևավորումն ու գիտակցված վերապատրաստումը և նոր նյարդային կապերի ստեղծումը հանգեցնում է նոր զգացողությունների և նոր փորձի, մտածելակերպի և տարածության ընդլայնման: Անսովոր ֆիզիկական զգացողությունները նաև հնարավորություն են տալիս աշխարհն ու սեփական անձը տեսնել նոր գույներով, դուրս գալ ոչ միայն մկանների արգելափակումների պատյանից, այլ նաև կարծրատիպային մտածողության միջոցներից:
Հոդվածը պատրաստել է հոգեբան Շուշանիկ Աբրահամյանը, 2019թ.: