Պարը ՝ խնդիրների լուծման բանալի

Պարել սիրում են շատերը, սակայն, պարը շատ ավելին է, քան գեղեցիկ շարժումների միավորումն ու մշակութային ժառանգության անփոխարինելի մասը: Իրականում, պարն ունակ է ոչ միայն բարձրացնել մարդու տրամադրությունը և կոփել մարմինը, այլև այն հանդիսանում է հոգեբանական մի շարք խնդիրների լուծման բանալին: Այդ իսկ պատճառով այսօր՝ աշխարհում ավելի ու ավելի լայն տարածում է գտնում պարաշարժողական թերապիան: Այս մեթոդն ենթադրում է, որ մարմինը հանդիսանում է գործիք, իսկ պարային շարժումը՝ պրոցես ՝ սեփական խնդիրները ճանաչելու և լուծելու համար: Այս հետաքրքիր և յուրահատուկ հոգեբանական մեթոդը , որն օրեցօր ավելի ու ավելի է ընդլայնում իր սահմաններն ու աշխարհագրությունը, արդեն իսկ հասանելի է դարձել հայ հասարակության համար, ինչի վառ ապացույցն է «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնում իրականացվող «Ազատ մարմին» պարաշարժողական թերապևտիկ խմբի առկայությունը, քանզի կենտրոնն իր առաքելությունն է համարում համաշխարհային առաջատար հոգեբանական ուղղություններն ու միտումները ներկայացնել մեր հայրենակիցներին՝ առավել արդյունավետ և մատչելի կերպով:

 Թերապիան իրականացնող հոգեբան, Սանկտ-Պետերբուրգում վերապատրաստված պարային թերապևտ Արմինե Փաշայանը ներկայացրեց կիրառվող մեթոդի մանրամասները: «Պարային-շարժողական թերապիան հոգեթերապիայի մեթոդ է, որը թույլ է տալիս աշխատել խնդիրների հետ շարժումների միջոցով: Այն մարմինը և հոգին ( հոգեկանը) դիտարկում է՝ որպես մեկ ամբողջականություն: Մարդու ցանկացած հոգեվիճակ, կամ խնդիր անպայման արտացոլվում է նրա մարմնի, շարժումների մեջ, և պարային թերապիայի նպատակն է օգնել մարդուն իր մարմնի, շարժումների միջոցով ապրել, գիտակցել սեփական հույզերն ու զգացմունքները, կոնֆլիկտները, ազատվել դրանցից», - ասաց հոգեբանը: 

Հատկանշական է, որ՝ ի տարբերություն բազում հոգեբանական մեթոդների՝ պարաշարժողական թերապիան թույլ է տալիս արդյունավետ աշխատանք իրագործել տարիքային բոլոր խմբերի հետ՝առանց բացառության: Հոգեբանը նշեց նաև, որ անգամ մեկ պարը կամ վարժությունը կարող է թույլ տալ գիտակցել և ձերբազատվել այնպիսի խնդրից, որից ազատվելու համար այլ մեթոդների պարագայում անհրաժեշտ կլինեին բազմաքանակ այցելություններ: Թեև մեթոդը Հայաստանում դեռ նոր է կերտում իր պատմությունը, դրա արդյունավետությունն արդեն իսկ հասցրել է զարմացնել թրեյնինգի մասնակիցներից շատերին: 

Ահա թե ինչ է նշում մասնակիցներից մեկը ՝ թերապիայի ավարտից հետո. «Արդյունքը կար, դա հաստատ է: Առաջին հերթին, ես սկսեցի ավելի լավ զգալ մարմինս ու, հետևաբար, ավելի ամբողջական ընկալել ինքս ինձ: Սկսեցի ինձ ավելի վստահ զգալ, ավելի լավ գիտակցել և ընդունել սեփական հույզերը: Խմբի արձագանքն ու «փորձի փոխանակությունն» էլ լրացրեց պատկերը, օգնելով շատ բաներ հասկանալ ու գիտակցել»: Մեկ այլ մասնակից ևս կիսվեց իր տպավորություններով, ասելով. «Եկա այստեղ, որովհետև շատ եմ սիրում պարը և նրա հետ առնչվող ցանկացած բան: Սակայն, թրեյնինգի արդյունքը գերազանցեց իմ բոլոր սպասումները: Ես կարողացա նոր հայացքով նայել ինձ շրջապատող իրականությանը և հասկանալ իմ մարմնի լեզուն: հաղթահարեցի վախերս, և հիմա ինձ լիովին այլ մարդ եմ զգում»:

 3.5 ժամ տևողությամբ երեք հանդիպումները խմբի մասնակիցներին պարգևում են ոչ միայն նոր անհրաժեշտ գիտելիքներ, այլև ցույց են տալիս խմբային աշխատանքի ամբողջ արդյունավետությունը և ապահովում դրական լիցքեր, իսկ՝ շնորհիվ թրեյնինգավարի բարձր մասնագիտական որակների՝ դերային խաղերով, արդյունավետ և հետաքրքիր վարժություններով և քննարկումներով լի հանդիպումները չեն ձանձրացնի նույնիսկ ամենահոռետես մասնակիցներին:

Комментариев нет:

Отправить комментарий